ՂԵՎՏԱԿԱՆ 3

3
Խաղաղության զոհ
1«Եթե նրա զոհաբերությունը խաղաղության զոհ է, և եթե նա արջառներից է մատուցում, արու լինի, թե էգ, Տիրոջ առաջ անարատը թող մատուցի։ 2Եվ իր ձեռքը դնի զոհի գլխին և այն մորթի ժողովի վրանի մուտքի մոտ, և Ահարոնի որդիները՝ քահանաները, նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջանակի։ 3Եվ խաղաղության զոհից Տիրոջը զոհ մատուցի, այսինքն՝ հանի փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրա եղած ամբողջ ճարպը, 4երկու երիկամները և դրանց շուրջը մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։ 5Ահարոնի որդիները թող այրեն դա զոհասեղանի վրա այն ողջակեզի հետ, որը կրակի վրայի փայտերի վրա է՝ Տիրոջը անուշահոտ զոհ լինելու համար։ 6Եթե խաղաղության համար Տիրոջը մատուցելիք նրա զոհաբերումը հոտերից է, արու լինի, թե էգ, թող մատուցի անարատը։ 7Եթե նա իր ընծան գառ է մատուցում, այն թող մատուցի Տիրոջ առաջ։ 8Եվ իր ձեռքը դնի իր ընծայի գլխին և այն մորթի ժողովի վրանի առաջ, և Ահարոնի որդիները նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։ 9Խաղաղության զոհաբերությունից այրված զոհ մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի նրա ճարպն ու ամբողջ դմակը՝ ողնաշարի մոտից կտրելով, նաև փորոտիքի ճարպաթաղանթը և փորոտիքի վրայի ամբողջ ճարպը, 10երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։ 11Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես հացի զոհ, որ այրվում է Տիրոջ համար։
12Եթե նրա զոհաբերածն այծ է, թող այն բերի Տիրոջ առաջ։ 13Եվ իր ձեռքը դնի նրա գլխին և այն մորթի ժողովի վրանի առաջ, և Ահարոնի որդիները նրա արյունը շաղ տան զոհասեղանի վրա՝ շուրջբոլորը։ 14Եվ դրանից իր զոհը մատուցի Տիրոջը, այսինքն՝ թող հանի փորոտիքի ճարպաթաղանթը, փորոտիքի վրայի ամբողջ ճարպը, 15երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի թաղանթը երիկամներով հանդերձ։ 16Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա՝ իբրև անուշահոտություն Տիրոջ համար. ամբողջ ճարպը Տիրոջն է։ 17Ձեր սերունդների մեջ ձեր բոլոր բնակավայրերում սա հավիտենական կանոն լինի. բնավ չուտեք այրված ո՛չ ճարպ և ո՛չ էլ արյուն»։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 3: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք