ՂԵՎՏԱԿԱՆ 15:19-31

ՂԵՎՏԱԿԱՆ 15:19-31 ՆՎԱԱ

Եթե մի կին ծորում ունենա, և նրա մարմնից ծորածը արյուն է, նա յոթ օր թող մնա իր դաշտանի մեջ. և ով որ դիպչի նրան, անմաքուր կլինի մինչև երեկո։ Ինչ բանի վրա որ պառկի այդ կինն իր դաշտանի ժամանակ, այդ բանն անմաքուր կլինի, և ինչ բանի վրա որ նստի, դա անմաքուր կլինի։ Ով որ դիպչի նրա անկողնուն, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Ով որ դիպչի մի բանի, որի վրա նա նստել է, պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ ջրով լվացվի և անմաքուր կլինի մինչև երեկո։ Եթե որևէ մեկը դիպչի այն անկողնուն կամ այն առարկային, որի վրա այդ կինը նստել է, անմաքուր կլինի մինչև երեկո։ Եթե մի մարդ պառկի նրա հետ զուգավորվելով, և այդ կնոջ պղծությունը դիպչի նրան, այդ մարդը յոթ օր անմաքուր կլինի. և ամեն անկողին, որի մեջ կպառկի նա, անմաքուր կլինի։ Եթե մի կնոջ արյունը, առանց դաշտանի ժամանակը լինելու, ծորում է շատ օրեր կամ իր դաշտանից ավելի է ծորում, նրա անմաքրության այդ բոլոր օրերը պետք է համարվեն դաշտանի օրերի պես. նա անմաքուր է։ Ամեն անկողին, որի մեջ նա կպառկի իր ծորումի բոլոր օրերին, իր դաշտանի անկողնու պես պիտի լինի իր համար. և որևէ բանի վրա, որ նա նստի, իր դաշտանի անմաքրության պես անմաքուր պիտի լինի։ Ով որ դիպչի դրանց, անմաքուր պիտի լինի և պետք է լվանա իր հագուստները, ինքն էլ լվացվի ջրով և անմաքուր կլինի մինչև երեկո։ Երբ այդ կինը մաքրվի իր ծորումից, պետք է հաշվի յոթ օր, որից հետո մաքուր կլինի։ Ութերորդ օրը նա իր համար պիտի վերցնի երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ և դրանք բերի ժողովի վրանի մուտքի մոտ, քահանայի մոտ։ Քահանան դրանցից մեկը պետք է մատուցի որպես մեղքի զոհ, իսկ մյուսը՝ որպես ողջակեզ։ Քահանան Տիրոջ առաջ քավություն կանի նրան նրա անմաքրության ծորումից”։ Այսպես Իսրայելի որդիներին զգուշացրե՛ք իրենց անմաքրությունից, որպեսզի իրենց մեջ գտնվող իմ բնակության վայրը պղծելով և իրենց անմաքրության պատճառով չմեռնեն։