ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:1-22

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 5:1-22 ՆՎԱԱ

Հիշի՛ր, Տե՛ր, թե մեզ ինչ եղավ. նայի՛ր և տե՛ս մեր անարգանքը։ Մեր ժառանգությունն օտարներին անցավ, մեր տները՝ օտարականներին։ Անհայր որբեր եղանք, մեր մայրերը՝ այրիների նման։ Մեր ջուրը փողով խմեցինք, մեր փայտը դրամով է գնվում։ Լուծը մեր վզին՝ հալածվում ենք, հոգնելու ենք ու հանգստություն չունենք։ Եգիպտոսին ձեռք մեկնեցինք, Ասորեստանին ևս՝ հացով կշտանալու համար։ Մեր հայրերը մեղանչեցին և չկան, իսկ մենք նրանց անօրենություններն ենք կրում։ Ստրուկները տիրեցին մեզ, նրանց ձեռքից մեզ ազատող չկա։ Անապատում եղող սրի պատճառով մեր կյանքը վտանգելով ենք տիրանում մեր հացին։ Մեր մաշկը փռի պես տաք է սովի այրող տաքության պատճառով։ Սիոնում կանանց լլկեցին, կույսերին՝ Հուդայի քաղաքներում։ Իշխաններն իրենց ձեռքով կախվեցին, երեցները չհարգվեցին։ Երիտասարդները երկնաքարեր կրեցին, և տղաները փայտի բեռի տակ կքեցին։ Ծերերը դադարեցին դարպասի մոտ նստելուց, երիտասարդները՝ իրենց երգելուց։ Դադարեց մեր սրտի ուրախությունը, մեր պարը սգի փոխվեց։ Վայր ընկավ մեր գլխի թագը. վա՜յ մեզ, որովհետև մեղանչել ենք։ Այս պատճառով մեր սիրտը նվաղել է, այս բաների պատճառով խավարեցին մեր աչքերը։ Սիոն լեռան պատճառով, որն ամայացել է. աղվեսներ են թափառում նրա վրա։ Դո՛ւ, ո՛վ Տեր, հավիտյան կմնաս, քո գահը՝ սերնդեսերունդ։ Ինչո՞ւ ես մեզ ընդմիշտ մոռանում, մեզ լքում ես երկար ժամանակով։ Մեզ քե՛զ վերադարձրու, ո՛վ Տեր, և մենք կվերադառնանք. մեր օրերը նորոգի՛ր նախկինի պես։ Սակայն դու մեզ բոլորովին մերժեցիր, մեզ վրա անչափ բարկացար։