ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 4

4
Երուսաղեմը անկումից հետո
1Ինչպե՜ս է խամրել ոսկին, փոխվել է մաքուր ոսկին. բոլոր փողոցների գլխին են թափված սրբարանի քարերը։
2Սիոնի պատվական որդիները՝ մաքուր ոսկու հավասար, ինչպե՜ս համարվեցին կավի ամաններ՝ բրուտի ձեռքի գործ։
3Վիշապներն անգամ ծիծը հանում, իրենց ձագերին կաթ են տալիս, բայց իմ ժողովրդի դուստրը անապատի ջայլամների պես անգութ է դարձել։
4Կաթնակերի լեզուն ծարավությունից իր քիմքին կպավ. երեխաները հաց աղերսեցին, բայց նրանց հաց տվող չկա։
5Համեղ բաներ ըմբոշխնողները թշվառացած նստել են փողոցներում, ծիրանու մեջ սնվածներն աղբանոցներ ընկան։
6Եվ իմ ժողովրդի դստեր անօրենությունը Սոդոմի մեղքից մեծ եղավ, որ հանկարծակի հիմնահատակ եղավ, և ոչ մեկը նրան չօգնեց։
7Նրա ազնվականները ձյունից մաքուր էին, կաթից սպիտակ էին. մարմնով բուստերից կարմիր էին, շափյուղայի պես էր նրանց տեսքը։
8Ածուխից սև եղավ նրանց դեմքը, չեն ճանաչվում փողոցներում. նրանց մաշկը նրանց ոսկորի վրա կծկվել է, չորացել է փայտի պես։
9Սրից սպանվածները երջանիկ էին, քան սովից սպանվածները, որովհետև սրանք հյուծվեցին՝ այգու պտուղներին կարոտ։
10Ողորմած կանանց ձեռքերը եփեցին իրենց զավակներին. նրանք կերակուր դարձան նրանց համար իմ ժողովրդի դստեր կոտորածի ժամանակ։
11Տերը գործադրեց իր զայրույթը, թափեց իր սաստիկ բարկությունը. նա կրակ վառեց Սիոնում, և այն լափեց նրա հիմքերը։
12Չհավատացին երկրի թագավորները և աշխարհի բոլոր բնակիչները, որ հակառակորդն ու թշնամին կմտնեն Երուսաղեմի դարպասներով։
13Նրա մարգարեների մեղքերի, նրա քահանաների անօրենությունների պատճառով, որոնք նրանում թափում էին արդարների արյունը,
14Կույրերի նման թափառեցին փողոցներում, եղծված արյունով, որ նրանց հագուստներին ոչ ոք չէր կարող կպչել։
15«Հեռացե՛ք, անմաքուրնե՛ր,- կանչում էին նրանց,- հեռացե՛ք, հեռացե՛ք, մի՛ դիպեք». և նրանք փախան ու թափառեցին. մարդիկ ասացին ազգերի մեջ. «Այստեղ այլևս չեն բնակվելու»։
16Տերն ի՛նքը ցրեց նրանց և այլևս նրանց չի նայում. քահանաներին չեն հարգում, երեցներին չեն մեծարում։
17Մեր աչքերը մաշվեցին՝ զուր տեղը մեր օգնությանը սպասելով. դիտելով սպասում էինք մի ազգի, որ օգնել չէր կարող։
18Մարդիկ որսացին մեր քայլերը, ու չենք կարող շրջել մեր փողոցներում. մեր վախճանը մոտեցավ, մեր օրերը լցվեցին. իրոք մեր վախճանը եկել է։
19Մեր հալածիչները երկնքի արծիվներից արագաշարժ են. մեզ հալածեցին սարերի վրա, մեզ համար անապատում դարան սարքեցին։
20Մեր կյանքի շունչը՝ Տիրոջ օծյալը, բռնվեց նրանց որոգայթներում, որի մասին մենք ասում էինք. «Նրա հովանու տակ կապրենք ազգերի մեջ»։
21Ցնծա՛ և ուրա՛խ եղիր, ո՛վ Եդովմի դուստր, որ բնակվում ես Հուս երկրում. բաժակը քեզ ևս կանցնի, կհարբես և ինքդ քեզ կմերկացնես։
22Քո անօրենությունը պիտի վերանա, ո՛վ Սիոնի դուստր, քեզ այլևս գերության մեջ չեն պահի. բայց քո անօրենությունը պիտի պատժվի, ո՛վ Եդովմի դուստր, և մեղքերդ հայտնի կդառնան։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք