ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:46-66

ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:46-66 ՆՎԱԱ

Մեր բոլոր թշնամիներն իրենց բերանը լայն բացել են մեր դեմ։ Սարսափ ու զնդան եղավ մեզ համար, ավերում և կոտորած։ Ջրի գետեր է թափում իմ աչքը իմ ժողովրդի դստեր կործանման համար։ Իմ աչքը արցունք պիտի թափի ու չդադարի, առանց դադարի։ Մինչև որ Տերը երկնքից նայի ու տեսնի։ Աչքերս ինձ վիշտ են բերում իմ քաղաքի բոլոր աղջիկների համար։ Իմ թշնամիներն ինձ ճնճղուկի պես որսացին առանց պատճառի։ Իմ կյանքը գբի մեջ ոչնչացրին և քար գցեցին ինձ վրա։ Ջրերն անցան գլխովս։ Ես ասացի, թե՝ «Կործանվեցի»։ Խորունկ գբից ես կանչեցի քո անունը, ո՛վ Տեր։ Ձայնս լսեցիր. ականջդ մի՛ ծածկիր իմ հառաչանքից, իմ աղաղակից։ Այն օրը, երբ ես կանչեցի քեզ, դու մոտեցար, ասացիր. «Մի՛ վախենա»։ Իմ հոգու դատը վարեցիր, ո՛վ Տեր, դու փրկագնեցիր իմ կյանքը։ Ո՛վ Տեր, դու տեսար ինձ հասած կեղեքումը, պաշտպանի՛ր իմ դատը։ Դու տեսար նրանց ամբողջ վրեժխնդրությունը, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։ Լսեցիր նրանց նախատինքը, ո՛վ Տեր, նրանց բոլոր դիտավորություններն իմ դեմ։ Իմ թշնամիների շրթունքները և նրանց մտածմունքներն իմ դեմ օրնիբուն։ Նրանց նստելն ու նրանց վեր կենալը դիտի՛ր, ես նրանց ծաղրերգի առարկան եմ։ Նրանց հատուցի՛ր, ո՛վ Տեր, նրանց ձեռքի գործերի համեմատ։ Նրանց սրտի մթություն պիտի տաս, քո անեծքը նրանց վրա լինի։ Նրանց հալածի՛ր քո բարկությամբ և Տիրոջ երկնքի տակից նրանց բնաջնջի՛ր։