Ես այն մարդն եմ, որ տառապանք տեսա նրա բարկության գավազանի տակ։ Նա ինձ առաջնորդեց ու տարավ անլույս խավարում։ Հենց իմ դեմ դարձրեց իր ձեռքը, կրկին ու կրկին դարձրեց։ Մաշեցրեց մարմինս ու մաշկս, փշրեց ոսկորներս։ Ինձ շրջափակեց և պատեց դառնությամբ ու տառապանքով։ Մութ տեղերում բնակեցրեց ինձ, ինչպես վաղեմի մեռելներ։ Ինձ բանտարկեց, որ դուրս չգամ, ծանրացրեց իմ շղթաները։ Նույնիսկ երբ աղաղակեմ ու խնդրեմ, նա խափանում է իմ աղոթքը։ Նա իմ ճանապարհները տաշած քարերով պատնեշեց, թեքեց իմ շավիղները։ Նա ինձ համար դարանակալ արջի պես է, թաքնվող առյուծ։ Նա խոտորեցրեց ինձ իմ ճանապարհներից, ինձ ցիրուցան արեց, խեղեց ու ամայացրեց։ Լարեց իր աղեղը և ինձ նետի նշանակետ կարգեց։ Իմ երիկամների մեջ արձակեց իր կապարճի նետերը։ Ես ծաղրանք դարձա իմ ամբողջ ժողովրդի համար, նրանց ծաղրերգն օրնիբուն։ Ինձ կշտացրեց դառնությամբ, օշինդրով հագեցրեց ինձ։ Եվ խիճերով կոտրեց իմ ատամները, ինձ մոխրի մեջ տրորեց։ Իմ կյանքը զրկվեց խաղաղությունից, ուրախությունը մոռացել եմ։ Եվ ասացի. «Կորավ իմ փառքը և իմ ակնկալությունը Տիրոջից»։ Հիշի՛ր իմ տառապանքը և իմ թշվառությունը, օշինդրն ու թույնը։ Հիշում է իմ հոգին և ընկճվում է իմ ներսում։ Սրանք ես իմ միտքն եմ բերում, ուստի և հույս ունեմ։ Տիրոջ ողորմությունը չի դադարում, նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նորանում են. մեծ է քո հավատարմությունը։ «Տերն է իմ բաժինը,- ասաց իմ հոգին,- ուստի ես նրան եմ հուսալու»։ Տերը բարի է իրեն հուսացողներին, այն անձին, որը նրան է փնտրում։
Կարդալ ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3
Կիսվել
Համեմատել տարբերակները: ԵՐԵՄԻԱՅԻ ՈՂԲԵՐԸ 3:1-25
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր