Ի՜նչ առանձին է նստում բազմամարդ քաղաքը, այրիի պես է դարձել ազգերի մեջ, գավառներում իշխանուհի եղողը հարկատու է դարձել։
Դառնապես լաց է լինում գիշերը, և նրա արտասուքն իր այտերի վրա է, իր բոլոր հոմանիներից նա մխիթարող չունի. նրա բոլոր ընկերները դավաճանեցին նրան, թշնամիներ եղան նրա համար։
Տառապանքի և տաժանելի ստրկության համար Հուդան տարագրվեց. նա բնակվում է ազգերի մեջ, հանգստություն չի գտնում, նրա բոլոր հալածողները իր նեղությունների մեջ հասան նրան։
Սիոնի ճանապարհները սգում են, որովհետև հանդիսավոր տոներին ոչ մեկը չի գալիս, նրա բոլոր դարպասներն ամայացել են, նրա քահանաները հառաչում են, նրա կույսերը տրտմել են, իսկ ինքը դառնորեն տառապում է։
Նրա հակառակորդները նրա տերերը եղան, նրա թշնամիները հանգիստ են. հանցանքների շատության պատճառով Տերը տրտմեցրել է նրան. նրա երեխաները թշնամու առաջից գերության տարվեցին։
Սիոնի դուստրերից անցավ նրանց ամբողջ վայելչությունը, նրա իշխաններն արոտավայր չգտնող եղջերուների նման եղան և տկարացած գնում են հալածողի առաջից։
Իր տառապանքի և թշվառության օրերին Երուսաղեմը հիշեց իր բոլոր ցանկալի իրերը, որ ուներ վաղեմի օրերից, երբ որ իր ժողովուրդը թշնամու ձեռքն ընկավ և օգնող չուներ. թշնամիները տեսան և ծիծաղեցին նրա կործանման վրա։
Երուսաղեմը ծանրորեն մեղանչեց, դրա համար ծաղր եղավ, բոլոր նրան պատվողները նրան անարգեցին, որովհետև տեսան նրա մերկությունը, իսկ նա հառաչեց ու շրջվեց։
Նրա անմաքրությունն իր քղանցքների վրա է. նա իր վախճանը չհիշեց. նրա անկումը զարմանասքանչ էր, նա մխիթարիչ չունի. «Նայի՛ր, ո՛վ Տեր, իմ տառապանքին, որովհետև թշնամին հպարտացավ»։
Թշնամին իր ձեռքը մեկնեց նրա բոլոր ցանկալի իրերին։ Երուսաղեմը տեսավ հեթանոսների մուտքն իր սրբարան, որոնց դու հրամայել էիր, որ քո ժողովարանը չմտնեն։
Նրա ամբողջ ժողովուրդը հառաչում է հաց փնտրելով, իրենց ցանկալի բաներն ուտելիքով են փոխանակում՝ իրենց կյանքը պահպանելու համար։ «Նայի՛ր, ո՛վ Տեր, և տե՛ս, որովհետև ես անարգված եմ»։
Ձեզ համար ոչի՞նչ է, ո՛վ ճանապարհով բոլոր անցնողներ, նայե՛ք և տեսե՛ք, թե կա՞ արդյոք իմ ցավի նման ցավ, որ եկավ ինձ վրա, որով Տերը տրտմեցրել է իր սաստիկ զայրույթի օրը։
Նա բարձրից կրակ ուղարկեց իմ ոսկորների մեջ, ոտքերիս համար ցանց տարածեց, ինձ ետ դարձրեց, ամայի դարձրեց ինձ, ուժաթափ՝ ամբողջ օրը։
Իմ հանցանքներից լուծ է կապվել նրա ձեռքով. նրանք հյուսվեցին, բարձրացան իմ պարանոցի վրա. նա նվաճել է իմ ուժը։ Տերն ինձ այնպիսի ձեռքերի է մատնել, որ չեմ կարողանում դիմանալ։
Տերը մերժեց իմ բոլոր զորավորներին, ժողով գումարեց իմ դեմ՝ իմ երիտասարդներին կոտորելու համար, Տերը հնձանի նման տրորեց Հուդայի կույս դստերը։
Այս բաների համար եմ լաց լինում, աչքերս արցունք են թափում, որովհետև ինձանից հեռու է մխիթարիչը, որն իմ հոգին պիտի վերանորոգեր. իմ որդիները նվաղեցին, որովհետև թշնամին հաղթեց։
Սիոնը մեկնում է իր ձեռքը, բայց նրան մխիթարող չկա։ Տերը սահմանել էր Հակոբի մասին, որ նրա հարևանները նրա հակառակորդները լինեն. Երուսաղեմն անմաքուր եղավ նրանց մեջ։
Արդարացի է Տերը, որովհետև ես անհնազանդ եղա նրա խոսքին. լսե՛ք, ո՛վ բոլոր ժողովուրդներ, և տեսե՛ք իմ տառապանքը. իմ կույսերն ու իմ երիտասարդները գերեվարվեցին։
Կանչեցի իմ սիրելիներին, նրանք ինձ խաբեցին, իմ քահանաներն ու երեցները քաղաքում վախճանվեցին, երբ կերակուր էին որոնում իրենց համար, որպեսզի իրենց կյանքը պահպանեն։
Նայի՛ր, ո՛վ Տեր, որ նեղության մեջ եմ, ընդերքս գալարվում է, սիրտս իմ ներսում տակնուվրա է լինում, որովհետև սաստիկ ըմբոստացա, դրսից սուրն է ինձ դժբախտացնում, ներսից՝ մահը։
Հառաչանքս լսեցին, բայց ինձ մխիթարող չկա. իմ բոլոր թշնամիները լսեցին իմ թշվառության մասին. հրճվեցին, որ այդպես արեցիր։ Բե՛ր քո հռչակած օրը, ու նրանք ևս ինձ նման կդառնան։
Նրանց ամբողջ չարությունը թող քո առաջ գա. վարվի՛ր նրանց հետ այնպես, ինչպես վարվեցիր ինձ հետ իմ բոլոր հանցանքների համար, որովհետև իմ հառաչանքները շատ են, և սիրտս ուժաթափ է։