ՀԵՍՈՒ 9

9
Քետացիները խաբում են Հեսուին
1Հորդանանի այս կողմի բոլոր թագավորները, որոնք ապրում էին լեռան վրա, դաշտում և մեծ ծովի ամբողջ եզերքին մինչև Լիբանանի դիմաց, այսինքն՝ քետացիները, ամորհացիները, քանանացիները, փերեզացիները, խևացիներն ու հեբուսացիները, երբ լսեցին այս, 2միասին հավաքվեցին, որ պատերազմեն Հեսուի և իսրայելացիների դեմ։
3Բայց երբ Գաբավոնի բնակիչները լսեցին, ինչ որ Հեսուն արել էր Երիքովին և Գայիին, 4իրենք էլ խորամանկություն արեցին և գնացին պաշարներ պատրաստեցին. իրենց էշերի վրա դրեցին հնացած քուրձեր, գինու հին, պատառոտած և կարկատած տիկեր, 5իրենց ոտքերին հնացած ու կարկատած տրեխներ և իրենց վրա հին շորեր գցեցին։ Նրանց հացի պաշարը չորացած և բորբոսնած էր։ 6Նրանք գնացին Հեսուի մոտ՝ Գաղգաղայում գտնվող բանակատեղին, և նրան ու Իսրայելի մարդկանց ասացին. «Մենք հեռու երկրից ենք գալիս, ուստի հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք»։ 7Այն ժամանակ Իսրայելի մարդիկ ասացին այդ խևացիներին. «Գուցե դուք մեր մեջ եք բնակվում, ձեզ հետ ինչպե՞ս դաշինք կնքենք»։ 8Բայց նրանք ասացին Հեսուին. «Մենք քո ծառաներն ենք»։ Հեսուն նրանց ասաց. «Դուք ո՞վ եք և որտեղի՞ց եք գալիս»։ 9Նրանք պատասխանեցին նրան. «Քո ծառաները, շատ հեռու երկրից ենք գալիս քո Տեր Աստծու անվան համար, որովհետև մենք լսեցինք նրա համբավը և այն ամենը, ինչ նա արել է Եգիպտոսում, 10ու նաև այն ամենը, ինչ նա արեց Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Եսեբոնի Սեհոն թագավորին և Աստարովթում գտնվող Բասանի Օգ թագավորին։ 11Մեր ծերերն ու մեր երկրի բոլոր բնակիչները մեզ ասացին, թե՝ “Ձեզ հետ ճանապարհի համար պաշա՛ր առեք, գնացե՛ք նրանց դիմավորելու և ասացե՛ք նրանց. "Մենք ձեր ծառաներն ենք, հիմա մեզ հետ դաշի՛նք կնքեք"”։ 12Այն օրը, երբ մենք պաշար վեցրինք մեր տներից և դուրս եկանք ձեզ մոտ գալու համար, մեր այս հացերը տաք էին, իսկ հիմա ահա չորացած և բորբոսնած են։ 13Այս գինու տիկերը նոր էին, երբ լցրինք, բայց ահա դրանք պատառոտած են, և մեր այս հագուստներն ու տրեխները հնացան ճանապարհի անչափ երկարությունից»։ 14Իսրայելի մարդիկ վերցրին նրանց պաշարից, բայց Տիրոջը չհարցրին։ 15Հեսուն նրանց հետ խաղաղություն հաստատեց և ուխտ արեց, որ ողջ կպահի նրանց. ժողովրդի իշխաններն էլ այդ մասին երդվեցին նրանց։
16Նրանց հետ դաշինք կնքելուց երեք օր հետո լսեցին, որ նրանք իրենց հարևաններն են և իրենց մոտ են բնակվում։ 17Իսրայելի որդիները մեկնեցին և երրորդ օրը հասան նրանց քաղաքները. նրանց քաղաքներն էին Գաբավոնը, Կեփիրան, Բերոթը և Կարիաթարիմը։ 18Իսրայելի որդիները չհարվածեցին նրանց, որովհետև ժողովրդի իշխանները Իսրայելի Տեր Աստծով երդվել էին նրանց։ Սակայն ամբողջ ժողովուրդը տրտնջաց իշխանների դեմ։
19Բոլոր իշխաններն ասացին ամբողջ ժողովրդին. «Մենք Իսրայելի Տեր Աստծով երդվեցինք և հիմա չենք կարող դիպչել նրանց։ 20Ահա թե ինչ կանենք. նրանց ողջ կթողնենք, որպեսզի մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ արեցինք նրանց»։ 21Իշխանները նրանց ասացին. «Թող ողջ մնան, բայց ամբողջ ժողովրդի համար փայտահատներ և ջրկիրներ լինեն»։ Եվ նրանք եղան, ինչպես որ իշխաններն ասել էին նրանց։
22Հեսուն նրանց կանչեց և նրանց հետ խոսեց՝ ասելով. «Ինչո՞ւ խաբեցիք մեզ և ասացիք, թե՝ “Ձեզնից շատ հեռու ենք”, քանի որ դուք մեզ մոտ եք բնակվում։ 23Հիմա դուք անիծված եք, և ձեզանից փայտահատ ու ջրկիր ծառա թող չպակասի իմ Աստծու տան համար»։ 24Նրանք Հեսուին պատասխանեցին՝ ասելով. «Որովհետև քո ծառաներն ստույգ իմացան, որ քո Տեր Աստվածն իր ծառա Մովսեսին հրամայել է, որ այս ամբողջ երկիրը ձեզ տա և այս երկրի բոլոր բնակիչներին բնաջինջ անի ձեր առաջ, ուստի ձեր պատճառով մենք շատ վախեցանք մեր կյանքի համար և այդ բանն արեցինք։ 25Եվ ահա հիմա քո ձեռքում ենք. վարվի՛ր մեզ հետ այնպես, ինչպես հաճելի և արդար է թվում քեզ»։ 26Եվ Հեսուն նրանց հետ վարվեց այսպես. նրանց ազատեց Իսրայելի որդիների ձեռքից, և նրանք չսպանեցին նրանց։ 27Նույն օրը Հեսուն նրանց փայտահատ ու ջրկիր կարգեց ժողովրդի և Տիրոջ զոհասեղանի համար այն տեղում, որ կընտրի Տերը. և նրանք այդպես ծառայում են մինչև այսօր։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 9: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում