ՀԵՍՈՒ 8

8
Գայիի գրավումը և կործանումը
1Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր և մի՛ զարհուրիր. վերցրո՛ւ քեզ հետ բոլոր պատերազմող մարդկանց և վեր կաց բարձրացի՛ր դեպի Գայի։ Ահա ես քո ձեռքն եմ մատնում Գայիի թագավորին, նրա ժողովրդին, նրա քաղաքը և նրա երկիրը։ 2Գայիին և նրա թագավորին այնպես կանես, ինչպես արեցիր Երիքովին ու նրա թագավորին, միայն թե նրա ավարն ու անասունները կվերցնեք ձեզ համար։ Դարաններ կպատրաստես քաղաքի ետևի կողմից»։ 3Հեսուն և բոլոր պատերազմող մարդիկ վեր կացան, որ գնան Գայիի վրա։ Հեսուն երեսուն հազար զորավոր մարդ ընտրեց և նրանց ուղարկեց գիշերով։ 4Եվ նրանց պատվիրեց՝ ասելով. «Տեսե՛ք, դուք քաղաքի ետևի կողմից դարանամուտ պիտի լինեք այդ քաղաքի համար։ Քաղաքից շատ մի՛ հեռացեք, և ամենքդ պատրա՛ստ եղեք։ 5Ես և ինձ հետ եղող ամբողջ ժողովուրդը կմոտենանք քաղաքին, և երբ նրանք մեր դեմ դուրս գան, ինչպես առաջին անգամ, կփախչենք նրանց առջևից։ 6Նրանք դուրս կգան մեր հետևից, մինչև որ նրանց բաժանենք քաղաքից, որովհետև նրանք կասեն, թե՝ “Փախչում են մեր առջևից, ինչպես առաջին անգամ”, և մենք նրանց առջևից փախչելու ենք։ 7Բայց դուք դո՛ւրս ելեք դարանից և վերցրե՛ք քաղաքը, որովհետև ձեր Տեր Աստվածն այն ձեր ձեռքը կհանձնի։ 8Երբ քաղաքը վերցնեք, քաղաքն այրե՛ք կրակով. Տիրոջ ասածի պես կանեք։ Ահա ձեզ պատվիրեցի»։ 9Հեսուն նրանց ուղարկեց, և նրանք գնացին, դարանում նստեցին Բեթելի և Գայիի միջև, Գայիի արևմտյան կողմից։ Հեսուն այդ գիշեր ժողովրդի մեջ մնաց։
10Վաղ առավոտյան վեր կենալով՝ Հեսուն աչքի անցկացրեց ժողովրդին և Իսրայելի ծերերի հետ ժողովրդի առջևից գնաց դեպի Գայի։ 11Նրա հետ վեր կացան նաև բոլոր պատերազմող մարդիկ և մոտենալով՝ գնացին քաղաքի դիմաց և բանակ դրեցին Գայիի հյուսիսային կողմում։ Նրանց ու Գայիի միջև մի ձոր կար։ 12Հետո հինգ հազարի չափ մարդ առավ և նրանց դարան մտցրեց Բեթելի ու Գայիի միջև՝ քաղաքի արևմտյան կողմում։ 13Ժողովուրդը ամբողջ բանակը տեղավորեց քաղաքի հյուսիսային կողմում, իսկ դարանը՝ քաղաքի արևմտյան կողմում։ Հեսուն այդ գիշեր մնաց ձորում։
14Երբ Գայիի թագավորն այս տեսավ, այդ քաղաքի մարդիկ առավոտը կանուխ շտապ վեր կացան, և ինքն ու իր հետ ամբողջ ժողովուրդը դուրս գնացին դաշտը, որտեղ պիտի պատերազմեին Իսրայելի դեմ։ Բայց ինքը չգիտեր, թե քաղաքի ետևի կողմից իր համար դարան կար։ 15Հեսուն և բոլոր իսրայելացիներն այնպես ցույց տվին, թե պարտվել են նրանց առաջ և փախան անապատի ճանապարհով։ 16Քաղաքում եղող ամբողջ ժողովուրդը հավաքվեց, որ հալածի նրանց, և Հեսուի հետևից ընկնելով՝ հեռացան քաղաքից։ 17Գայիում և Բեթելում մարդ չմնաց, որ Իսրայելի հետևից դուրս եկած չլիներ. քաղաքը թողեցին բաց և հալածեցին Իսրայելին։
18Տերը Հեսուին ասաց. «Ձեռքիդ նիզակը մեկնի՛ր դեպի Գայի, որովհետև ես քո ձեռքն եմ հանձնել այն»։ Եվ Հեսուն իր ձեռքի նիզակը մեկնեց դեպի քաղաքը։ 19Դարանակալները շուտով վեր կացան իրենց տեղից, և հենց որ նա ձեռքը մեկնեց, վազեցին մտան քաղաքը, գրավեցին այն և քաղաքն շտապ այրեցին կրակով։ 20Գայիի բնակիչները, դեպի հետ դառնալով, տեսան, որ քաղաքի ծուխը մինչև երկինք է բարձրացել։ Նրանք այս կամ այն կողմ փախչելու կարողություն չունեին, և դեպի անապատը փախչող ժողովուրդն էլ դարձավ իր հալածիչների վրա։ 21Երբ Հեսուն և բոլոր իսրայելացիները տեսան, որ դարանակալները գրավեցին քաղաքը, և քաղաքի ծուխը վեր էր բարձրացել, իրենք էլ ետ դարձան և հարվածեցին Գայիի մարդկանց։ 22Մյուսները քաղաքից դուրս եկան նրանց դիմաց, և Գայիի մարդիկ մնացին իսրայելացիների մեջտեղում՝ սրանք այս կողմից, իսկ նրանք էլ այն կողմից։ Այնպես հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մի մարդ ողջ չմնաց և չազատվեց։ 23Իսկ Գայիի թագավորին ողջ բռնեցին և բերեցին Հեսուի մոտ։
24Երբ իսրայելացիները ջարդեցին Գայիի բոլոր բնակիչներին, որոնք իրենց հալածել էին դաշտում ու անապատում, և երբ նրանք ամենքը սրի քաշվեցին, մինչև որ վերջացան, բոլոր իսրայելացիները վերադարձան Գայի և սրակոտոր արեցին նրա բնակիչներին։ 25Այդ օրն ընկածները՝ թե՛ տղամարդ և թե՛ կին, ընդամենը տասներկու հազար էին, այսինքն՝ Գայիի բոլոր մարդիկ։ 26Հեսուն նիզակով մեկնած ձեռքը ետ չքաշեց, մինչև որ բնաջինջ արեց Գայիի բոլոր բնակիչներին։ 27Իսրայելացիները միայն անասուններին ու քաղաքի ավարը վերցրին իրենց համար՝ ըստ այն խոսքի, որ Տերը պատվիրել էր Հեսուին։ 28Հեսուն Գային այրեց և այն մշտնջենական ավերակների մի դեզ դարձրեց մինչև այսօր։ 29Իսկ Գայիի թագավորին ծառից կախեց մինչև երեկո։ Արևը մայր մտնելիս Հեսուն հրամայեց, որ նրա մեռած մարմինը ցած իջեցնեն ծառից։ Նրան գցեցին քաղաքի դարպասի առաջ և նրա վրա դիզեցին քարերի մի մեծ կույտ, որ կա մինչև այսօր։
Օրենքի ընթերցումը Գեբաղ լեռան վրա
30Այն ժամանակ Հեսուն Իսրայելի Տեր Աստծու համար մի զոհասեղան շինեց Գեբաղ լեռան վրա, 31ինչպես Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել էր Իսրայելի որդիներին, և ինչպես գրված է Մովսեսի օրենքի գրքում. այդ զոհասեղանն անտաշ#8.31 Եբր. ամբողջական։ քարերից էր, որոնց երկաթ չէր դիպել։ Դրա վրա Տիրոջ համար ողջակեզներ մատուցեցին և խաղաղության զոհեր զոհեցին։ 32Եվ այնտեղ՝ այդ քարերի վրա, գրեց Մովսեսի օրենքի մի օրինակը, որը նա գրել էր Իսրայելի որդիների առջև։ 33Եվ ամբողջ Իսրայելը, նրանց ծերերը, գլխավորներն ու դատավորները տապանակի այս ու այն կողմից կանգնել էին Տիրոջ ուխտի տապանակը կրող ղևտացի քահանաների առջև, թե՛ օտարականը և թե՛ բնիկը. կեսը՝ Գարիզին լեռան կողմը, իսկ կեսը՝ Գեբաղ լեռան կողմը, ինչպես նախապես պատվիրել էր Տիրոջ ծառա Մովսեսը, որ օրհնեն Իսրայելի ժողովրդին։ 34Դրանից հետո կարդաց օրենքի բոլոր խոսքերը՝ օրհնություններն ու անեծքները, ինչ որ գրված էր օրենքի գրքում։ 35Մովսեսի բոլոր պատվիրաններից բնավ մի խոսք չմնաց, որ Հեսուն չկարդար Իսրայելի ամբողջ ժողովրդի՝ կանանց, երեխաների և իսրայելացիների մեջ ապրող օտարականների առջև։

Արդեն Ընտրված.

ՀԵՍՈՒ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք