ՀԵՍՈՒ 4:1-7

ՀԵՍՈՒ 4:1-7 ՆՎԱԱ

Երբ ամբողջ ժողովուրդը վերջացրեց Հորդանան գետի անցումը, Տերը խոսեց Հեսուի հետ և ասաց. «Ժողովրդի միջից վերցրե՛ք տասներկու մարդ՝ ամեն մի ցեղից մեկ մարդ, և պատվիրե՛ք նրանց՝ ասելով. “Այստեղից՝ Հորդանան գետի միջից, քահանաների պինդ կանգնած տեղից, ձեզ համար վերցրե՛ք տասներկու քար, դրանք տարե՛ք ձեզ հետ և դրե՛ք այն իջևանում, որտեղ իջևանելու եք այս գիշեր”»։ Հեսուն Իսրայելի որդիների միջից կանչեց իր որոշած տասներկու մարդկանց՝ ամեն մի ցեղից մի մարդ։ Եվ Հեսուն նրանց ասաց. «Անցե՛ք ձեր Տեր Աստծու տապանակի առաջ, Հորդանան գետի մեջտեղում, և ամեն մեկդ Իսրայելի որդիների թվի համեմատ մի քա՛ր վերցրեք ձեր ուսերին, որպեսզի դա մի նշան լինի ձեր մեջ. երբ հետագայում ձեր որդիները ձեզ հարցնեն և ասեն, թե՝ “Այս քարերն ի՞նչ են ձեզ համար”, նրանց կասեք. “Հորդանանի ջրերը կտրվեցին Տիրոջ ուխտի տապանակի առջև, երբ այն անցնում էր Հորդանան գետով. Հորդանանի ջուրը կտրվեց, և այս քարերը հավիտյան հիշատակ կլինեն Իսրայելի որդիների համար”»։