ՀԵՍՈՒ 24:14-31

ՀԵՍՈՒ 24:14-31 ՆՎԱԱ

Այժմ վախեցե՛ք Տիրոջից և հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայե՛ք նրան. դե՛ն գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին Գետի այն կողմում ու Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։ Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։ Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը և ուրիշ աստվածների պաշտենք, որովհետև Տերն է մեր Աստվածը, նա՛ հանեց մեզ և մեր հայրերին Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից, նա՛ գործեց մեր աչքերի առաջ այս մեծ նշանները և պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին ու բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։ Տերը մեր առջևից քշեց բոլոր ազգերին և այս երկրում բնակվող ամորհացիներին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետև նա է մեր Աստվածը»։ Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք չեք կարող Տիրոջը պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է. նա նախանձոտ Աստված է, չի ների ձեր հանցանքներն ու մեղքերը։ Երբ դուք Տիրոջը թողնեք և օտար աստվածների պաշտեք, այն ժամանակ նա ետ կդառնա և ձեզ բարիք անելուց հետո, ձեզ չարչարելով, բնաջինջ կանի»։ Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Ո՛չ, մենք Տիրոջն ենք պաշտելու»։ Հեսուն ժողովրդին ասաց. «Դուք ձեր վկաներն եք, որ դուք Տիրոջն ընտրեցիք նրան պաշտելու համար»։ Եվ նրանք ասացին. «Վկա ենք»։ «Ուրեմն հիմա դե՛ն գցեք ձեր մեջ եղած օտար աստվածները և ձեր սիրտն Իսրայելի Տեր Աստծո՛ւն դարձրեք»։ Եվ ժողովուրդը Հեսուին ասաց. «Մենք մեր Տեր Աստծո՛ւն պիտի պաշտենք և նրա խո՛սքը պիտի լսենք»։ Նույն օրը Հեսուն ժողովրդի հետ ուխտ արեց և Սյուքեմում կանոն ու հրաման հաստատեց նրա համար։ Հեսուն այդ խոսքերը գրեց Աստծու օրենքի գրքում. և մի մեծ քար առավ ու այն կանգնեցրեց Տիրոջ սրբարանի մոտ գտնվող բևեկնի ծառի տակ։ Եվ Հեսուն ամբողջ ժողովրդին ասաց. «Ահա այս քարը մեզ վկա լինի, որովհետև սա լսեց Տիրոջ մեզ ասած բոլոր խոսքերը. ուրեմն սա վկա լինի ձեզ համար, որ չլինի թե ուրանաք ձեր Աստծուն»։ Ապա Հեսուն արձակեց ժողովրդին՝ ամեն մարդու դեպի իր ժառանգությունը։ Այս բաներից հետո մեռավ Տիրոջ ծառա Նավեի որդի Հեսուն՝ հարյուր տասը տարեկան լինելով։ Նրան թաղեցին իր ժառանգության սահմանի մեջ՝ Գաաս լեռան հյուսիսային կողմում գտնվող Եփրեմի լեռան վրա, Թամնաթ-Սարայում։ Իսրայելը պաշտեց Տիրոջը Հեսուի բոլոր օրերին և այն ծերերի բոլոր օրերին, որոնք ողջ մնացին Հեսուից հետո և որոնք գիտեին Իսրայելի համար Տիրոջ արած բոլոր գործերը։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում