ՀԵՍՈՒ 24:1-18

ՀԵՍՈՒ 24:1-18 ՆՎԱԱ

Հեսուն Իսրայելի բոլոր ցեղերին հավաքեց Սյուքեմում և կանչեց Իսրայելի ծերերին, իշխաններին, դատավորներին ու գլխավորներին, և նրանք կանգնեցին Աստծու առաջ։ Եվ Հեսուն ասաց ամբողջ ժողովրդին. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Հնում ձեր նախահայրերը՝ Աբրահամի հայրը և Նաքորի հայրը՝ Թարան, բնակվում էին Գետի այն կողմում և օտար աստվածների էին պաշտում։ Ես վերցրի ձեր հայր Աբրահամին Եփրատ գետի այն կողմից, շրջել տվեցի նրան Քանանի ամբողջ երկրում, բազմացրի նրա սերունդը, նրան տվեցի Իսահակին, Իսահակին տվեցի Հակոբին ու Եսավին և Եսավին տվեցի Սեիր լեռը որպես ժառանգություն, բայց Հակոբն ու նրա որդիները իջան Եգիպտոս։ Ես ուղարկեցի Մովսեսին ու Ահարոնին և հարվածեցի Եգիպտոսին (ինչպես որ նրա մեջ կատարեցի), հետո ձեզ հանեցի։ Ես Եգիպտոսից հանեցի ձեր հայրերին, և դուք եկաք մինչև ծովը. եգիպտացիները կառքերով և ձիավորներով ընկան ձեր հայրերի հետևից մինչև Կարմիր ծովը։ Նրանք աղաղակեցին Տիրոջը, և նա խավար դրեց ձեր ու եգիպտացիների միջև, ծովը նրանց վրա բերեց ու ծածկեց նրանց։ Ձեր աչքերը տեսան, ինչ որ արեցի Եգիպտոսում։ Ապա երկար ժամանակ դուք բնակվեցիք անապատում։ Ես ձեզ բերեցի Հորդանան գետի այն կողմում բնակվող ամորհացիների երկիրը, և նրանք պատերազմեցին ձեր դեմ. ես նրանց ձեր ձեռքը մատնեցի, նրանց բնաջնջեցի ձեր առաջ, և դուք ժառանգեցիք նրանց երկիրը։ Մովաբի թագավոր Սեպփորի որդի Բաղակը վեր կացավ և պատերազմեց Իսրայելի դեմ։ Նա մարդ ուղարկեց Բեորի որդի Բաաղամին կանչելու, որպեսզի նզովի ձեզ։ Բայց ես չուզեցի լսել Բաաղամին. նա ձեզ օրհնեց, և ես ձեզ ազատեցի նրա ձեռքից։ Հորդանան գետն անցնելով՝ եկաք Երիքով, և Երիքովի բնակիչները՝ ամորհացիները, փերեզացիները, քանանացիները, քետացիները, գերգեսացիները, խևացիներն ու հեբուսացիները, պատերազմեցին ձեր դեմ, և ես նրանց ձեր ձեռքը մատնեցի։ Ձեր առաջից իշամեղուներ ուղարկեցի, որոնք նրանց, այսինքն՝ ամորհացիների երկու թագավորներին, քշեցին ձեր առջևից. ո՛չ քո սրով և ո՛չ էլ քո աղեղով։ Ես ձեզ տվեցի մի երկիր, որտեղ դուք չեք աշխատել, քաղաքներ, որ դուք չեք կառուցել, բայց բնակվում եք դրանց մեջ և ուտում եք այն այգիներից ու ձիթենիներից, որ դուք չեք տնկել”։ Այժմ վախեցե՛ք Տիրոջից և հավատարմությամբ ու ճշմարտությամբ ծառայե՛ք նրան. դե՛ն գցեք այն աստվածները, որոնց ձեր հայրերը ծառայում էին Գետի այն կողմում ու Եգիպտոսում, և պաշտե՛ք Տիրոջը։ Բայց եթե Տիրոջը ծառայություն անելը հաճելի չէ ձեզ համար, ապա ընտրե՛ք այսօր, թե ո՛ւմ եք ծառայելու՝ Եփրատ գետի այն կողմում ձեր հայրերի պաշտած աստվածների՞ն, թե՞ ամորհացիների աստվածներին, որոնց երկրում դուք բնակվում եք։ Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու»։ Ժողովուրդը պատասխան տվեց և ասաց. «Քա՛վ լիցի, որ մենք թողնենք Տիրոջը և ուրիշ աստվածների պաշտենք, որովհետև Տերն է մեր Աստվածը, նա՛ հանեց մեզ և մեր հայրերին Եգիպտոսի երկրից՝ ծառայության տնից, նա՛ գործեց մեր աչքերի առաջ այս մեծ նշանները և պահպանեց մեզ մեր գնացած ամբողջ ճանապարհին ու բոլոր ազգերի մեջ, որոնց միջով մենք անցանք։ Տերը մեր առջևից քշեց բոլոր ազգերին և այս երկրում բնակվող ամորհացիներին. ուրեմն մենք էլ Տիրոջն ենք պաշտելու, որովհետև նա է մեր Աստվածը»։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում