ՀԵՍՈՒ 23:1-16

ՀԵՍՈՒ 23:1-16 ՆՎԱԱ

Շատ օրեր հետո, երբ Տերը հանգստացրել էր Իսրայելին նրա շրջակայքում եղած բոլոր թշնամիներից, և Հեսուն ծերացել ու օրերն անց էր կացրել, այն ժամանակ Հեսուն կանչեց ամբողջ Իսրայելին, այսինքն՝ նրա ծերերին, իշխաններին, դատավորներին և գլխավորներին ու ասաց նրանց. «Ես ծերացել և օրերս անց եմ կացրել։ Դուք տեսաք այն ամենը, ինչ ձեր Տեր Աստվածն արեց ձեր առաջ այս բոլոր ազգերին. որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն էր ձեզ համար պատերազմողը։ Նայե՛ք, ես ձեզ համար վիճակով բաժանեցի այս մնացած ազգերը ձեր միջև որպես ժառանգություն, ըստ ձեր ցեղերի, այն բոլոր ազգերը, որոնց ես ջարդեցի Հորդանան գետից մինչև Մեծ ծովը՝ դեպի արևմուտք։ Ձեր Տեր Աստվածն ինքը նրանց կհալածի ու կքշի ձեր առջևից, և դուք կժառանգեք նրանց երկիրը, ինչպես որ ձեր Տեր Աստվածն ասել է ձեզ։ Ուրեմն շատ վճռակա՛ն եղեք, որ պահեք ու կատարեք այն ամենը, ինչ գրված է Մովսեսի օրենքի գրքում, որ դրանից աջ կամ ձախ չխոտորվեք, որպեսզի չմտնեք ձեզ մոտ մնացած այդ ազգերի մեջ, չհիշեք նրանց աստվածների անունները, նրանցով չերդվեք և երկրպագություն չանեք նրանց, այլ ձեր Տեր Աստծո՛ւն հարեք, ինչպես որ արել եք մինչև այսօր։ Տերը ձեր առջևից քշեց մեծ ու հզոր ազգերի, և մինչև այսօր ոչ ոք չկանգնեց ձեր դեմ։ Ձեզանից մեկը հազարին կհալածի, որովհետև ձեր Տեր Աստվածն ինքն է, որ պատերազմում է ձեզ համար, ինչպես որ ասել է ձեզ։ Ուրեմն շատ զգո՛ւյշ եղեք ձեր անձերի նկատմամբ, որ սիրեք ձեր Տեր Աստծուն։ Բայց եթե ետ դառնաք նրանից և ձեզ մոտ մնացած այս ազգերի մնացորդին հարեք, նրանց հետ խնամիություն անեք, խառնվեք նրանց հետ, և նրանք էլ՝ ձեզ հետ, ապա ստո՛ւյգ իմացեք, որ ձեր Տեր Աստվածն այլևս այս ազգերին չի հալածի ձեր առջևից, այլ նրանք ձեզ համար որոգայթ և թակարդ կդառնան, խթաններ՝ ձեր կողերի համար և փշեր՝ ձեր աչքերի համար, մինչև որ բնաջինջ լինեք այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։ Եվ ահա ես այսօր ամբողջ երկրի ճանապարհն եմ գնում, և դուք ձեր ամբողջ սրտով ու ձեր ամբողջ հոգով գիտեք, որ ձեր Տեր Աստվածը ձեզ համար ինչքան բարի խոսքեր որ ասել էր, դրանցից մի բան չպակասեց, բոլորն էլ կատարվեցին ձեզ համար, դրանցից ոչ մի խոսք գետինը չընկավ։ Եվ ինչպես որ ձեզ վրա կատարվեցին ձեր Տեր Աստծու ձեզ համար ասած բոլոր բարի խոսքերը, այդպես էլ Տերը ձեզ վրա կկատարի բոլոր չար խոսքերը, մինչև որ բնաջնջի ձեզ այս բարի երկրի վրայից, որ ձեր Տեր Աստվածը տվեց ձեզ։ Եթե դուք դրժեք ձեր Տեր Աստծու ձեզ պատվիրած ուխտը և գնաք օտար աստվածների պաշտեք և նրա՛նց երկրպագություն անեք, Տիրոջ բարկությունը կբորբոքվի ձեզ վրա, և դուք շուտով կկորչեք ձեզ տրված այս բարի երկրից»։