ՀԵՍՈՒ 22:10-34

ՀԵՍՈՒ 22:10-34 ՆՎԱԱ

Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը եկան Հորդանան գետի կողմերը, որ քանանացիների երկրում է, և այնտեղ՝ Հորդանան գետի մոտ, զոհասեղան շինեցին, տեսքով երևելի մի զոհասեղան։ Իսրայելի որդիները լսեցին, թե՝ «Ահա Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը զոհասեղան են շինել քանանացիների երկրի դիմաց՝ Հորդանան գետի շրջանում, Իսրայելի որդիների սահմանի մոտ»։ Երբ Իսրայելի որդիներն այս լսեցին, Իսրայելի որդիների ամբողջ համախմբումը հավաքվեց Սելովում, որպեսզի նրանց դեմ պատերազմելու գնա։ Իսրայելի որդիները Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադի երկիր ուղարկեցին Եղիազարի որդի Փենեհես քահանային և նրա հետ տասը իշխան, այսինքն՝ Իսրայելի բոլոր ցեղերի ամեն մի նահապետությունից մեկ իշխան, որոնցից յուրաքանչյուրը Իսրայելի հազարավորների մեջ մի նահապետության իշխան էր։ Նրանք գնացին Ռուբենի որդիների, Գադի որդիների և Մանասեի կես ցեղի մոտ՝ Գաղաադ, և խոսեցին նրանց հետ՝ ասելով. «Տիրոջ ամբողջ ժողովուրդն այսպես է ասում. “Դուք այդ ի՞նչ անհավատարմություն գործեցիք Իսրայելի Աստծու դեմ. այսօր խոտորվելով Տիրոջից և այսօր ապստամբելով Տիրոջ դեմ՝ դուք ձեզ համար զոհասեղան շինեցիք։ Մի՞թե քիչ էր մեզ համար Փոգորի անօրենությունը, որից մինչև այսօր չմաքրվեցինք, և Տիրոջ ժողովրդի վրա եկավ այդ հարվածը։ Դուք այսօր խոտորվեցիք Տիրոջից, ուրեմն եթե դուք այսօր ապստամբեք Տիրոջ դեմ, վաղը նա էլ կբարկանա Իսրայելի ամբո՛ղջ ժողովրդի վրա։ Եթե ձեր կալվածքի երկիրն անմաքուր եք համարում, անցե՛ք Տիրոջ կալվածքի երկիրը, որտեղ կանգնած է Տիրոջ խորանը, և ժառանգությո՛ւն ստացեք մեր մեջ, բայց մի՛ ապստամբեք Տիրոջ դեմ և մեր դեմ էլ մի՛ ապստամբեք՝ մեր Տեր Աստծու զոհասեղանից զատ ձեզ համար զոհասեղան շինելով։ Չէ՞ որ Զարայի որդի Աքարը մեղք գործեց՝ նզովված բաներից վերցնելով, և Տիրոջ բարկությունն ամբողջ Իսրայելի համայնքի վրա թափվեց, և այդ մարդը միայնակ չմեռավ իր անօրենության պատճառով”»։ Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը պատասխանեցին և ասացին Իսրայելի հազարապետներին. «Աստվածների Աստվածը՝ Տերը, աստվածների Աստված Տերը գիտե, և Իսրայելն էլ թող գիտենա. եթե այս բանն ապստամբությամբ կամ Տիրոջ դեմ հանցանք գործելով արեցինք, թող մեզ այսօր չփրկի։ Եթե մեզ համար զոհասեղան շինեցինք Տիրոջից ետ դառնալու կամ դրա վրա ողջակեզ ու հացի ընծա մատուցելու և կամ դրա վրա խաղաղության զոհեր անելու համար, Տերն ինքը թող քննի։ Բայց մենք դա շինեցինք մեր վախից՝ ասելով, թե վաղը ձեր որդիները մեր որդիներին կասեն, թե՝ “Դուք Իսրայելի Տեր Աստծու հետ ի՞նչ ունեք. Տերն ինքը մեր և ձեր միջև սահման դրեց Հորդանան գետը, ո՛վ Ռուբենի և Գադի որդիներ. դուք Տիրոջից բաժին չունեք”։ Եվ այսպիսով ձեր որդիները պատճառ կդառնան, որ մեր որդիները դադարեն Տիրոջից վախենալուց։ Այս պատճառով էլ ասացինք. “Մեզ համար մի զոհասեղան շինենք ոչ թե ողջակեզի և ոչ էլ զոհի համար, այլ որպեսզի այն մի վկա լինի մեր և ձեր միջև և մեզանից հետո՝ նաև մեր սերունդների միջև, որ մեր ողջակեզներով, մեր զոհերով և մեր խաղաղության զոհերով Տիրոջ ծառայությունը նրա առաջ անենք, և վաղը ձեր որդիները չասեն մեր որդիներին, թե՝ "Դուք բաժին չունեք Տիրոջից"”։ Մենք ասացինք. “Եթե վաղը մեզ կամ մեր սերունդներին այսպես ասելու լինեն, մենք էլ կասենք, թե՝ "Տեսե՛ք Տիրոջ զոհասեղանի օրինակը, որ մեր հայրերը շինեցին ոչ թե ողջակեզի կամ զոհի համար, այլ մեր և ձեր միջև վկայություն լինելու համար"”։ Քա՛վ լիցի մեզ, որ մենք ապստամբենք Տիրոջ դեմ և այսօր Տիրոջից ետ դառնալով՝ զոհասեղան շինենք ողջակեզի համար, հացի ընծայի համար և զոհաբերության համար, բացի մեր Տեր Աստծու զոհասեղանից, որ խորանի առաջ է»։ Երբ Փենեհես քահանան, նրա հետ եղող ժողովրդի իշխաններն ու Իսրայելի հազարապետները լսեցին այս խոսքերը, որ ասացին Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի որդիները, դա հաճելի թվաց նրանց։ Եղիազարի որդի Փենեհես քահանան Ռուբենի որդիներին, Գադի որդիներին և Մանասեի որդիներին ասաց. «Այսօր իմացանք, որ Տերը մեր մեջ է, որովհետև դուք Տիրոջ դեմ չգործեցիք այս անհավատարմությունը և Իսրայելի որդիներին ազատեցիք Տիրոջ ձեռքից»։ Եղիազարի որդի Փենեհես քահանան և իշխանները Ռուբենի որդիների և Գադի որդիների մոտից՝ Գաղաադի երկրից, վերադարձան քանանացիների երկիրը՝ Իսրայելի որդիների մոտ, և լուր բերեցին նրանց։ Այս բանը հաճելի թվաց Իսրայելի որդիներին, որոնք օրհնեցին Աստծուն և չասացին, թե պատերազմելու կգնան նրանց դեմ, որպեսզի կործանեն Ռուբենի որդիների և Գադի որդիների բնակած երկիրը։ Ռուբենի որդիներն ու Գադի որդիները այդ զոհասեղանի անունը դրեցին Վկայություն, որովհետև ասացին. «Դա վկա է մեր միջև, որ Տերն է Աստված»։