ՀԵՍՈՒ 22:1-9

ՀԵՍՈՒ 22:1-9 ՆՎԱԱ

Այն ժամանակ Հեսուն կանչեց Ռուբենի, Գադի ցեղերին և Մանասեի կես ցեղին ու նրանց ասաց. «Ինչ որ Տիրոջ ծառա Մովսեսը ձեզ հրամայել էր, դուք այդ բոլորը պահեցիք և անսացիք իմ խոսքին այն ամեն ինչում, որ պատվիրեցի ձեզ։ Այսքան շատ օրեր, մինչև այս օրը չթողեցիք ձեր եղբայրներին և պահեցիք ձեր Տեր Աստծու պատվիրանները։ Եվ հիմա ձեր Տեր Աստվածը հանգստացրեց ձեր եղբայրներին, ինչպես որ ասել էր նրանց, ուստի հիմա ե՛տ դարձեք, գնացե՛ք ձեր վրանները, դեպի ձեր կալվածքի երկիրը, որ Տիրոջ ծառա Մովսեսը տվել է ձեզ Հորդանանի այն կողմում։ Միայն թե շատ զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն պատվիրաններն ու այն օրենքը, որ Տիրոջ ծառա Մովսեսը պատվիրել է ձեզ. որ սիրեք ձեր Տեր Աստծուն, ընթանաք նրա բոլոր ճանապարհներով, պահեք նրա պատվիրանները, հարեք նրան և պաշտեք նրան ձեր ամբողջ սրտով և ձեր ամբողջ հոգով»։ Եվ Հեսուն օրհնեց նրանց ու արձակեց, և նրանք գնացին իրենց վրանները։ Մանասեի կես ցեղին Մովսեսը ժառանգություն էր տվել Բասանում, իսկ մյուս կեսին Հեսուն տվեց նրանց եղբայրների հետ Հորդանան գետի այս կողմում՝ դեպի արևմուտք։ Երբ Հեսուն նրանց ուղարկեց իրենց վրանները, օրհնեց նրանց, խոսեց նրանց հետ և ասաց. «Ե՛տ դարձեք ձեր վրանները մեծ հարստությամբ, չափազանց շատ անասուններով, արծաթով, ոսկով, պղնձով, երկաթով ու խիստ շատ զգեստներով և ձեր թշնամիների ավարը բաժանե՛ք ձեր եղբայրների հետ»։ Ռուբենի որդիները, Գադի որդիներն ու Մանասեի կես ցեղը քանանացիների երկրում գտնվող Սելովում բաժանվեցին Իսրայելի որդիներից, որպեսզի գնան իրենց ժառանգությունը եղող երկիրը, այսինքն՝ Գաղաադի երկիրը, որը ստացել էին Մովսեսի միջոցով տրված Տիրոջ հրամանով։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում