ՀԵՍՈՒ 2:1-13

ՀԵՍՈՒ 2:1-13 ՆՎԱԱ

Նավեի որդի Հեսուն Սատիմից գաղտնաբար երկու մարդ ուղարկեց երկիրը լրտեսելու համար և ասաց. «Գնացեք տեսե՛ք այն երկիրը և Երիքովը»։ Նրանք գնացին և եկան Երիքով ու մտնելով Ռախաբ անունով մի պոռնիկ կնոջ տունը՝ այնտեղ պառկեցին։ Երիքովի թագավորին ասվեց, թե՝ «Ահա այս գիշեր Իսրայելի որդիներից մարդիկ են եկել այստեղ՝ երկիրը լրտեսելու»։ Երիքովի թագավորը մարդ ուղարկեց Ռախաբի մոտ՝ ասելով. «Քեզ մոտ եկած և տունդ մտած մարդկանց դո՛ւրս հանիր, որովհետև նրանք եկել են այս ամբողջ երկիրը լրտեսելու»։ Իսկ կինը վերցրեց այդ երկու մարդկանց, թաքցրեց և ասաց. «Ճիշտ է, որ այդ երկու մարդիկ եկան ինձ մոտ, բայց ես չիմացա, թե նրանք որտեղի՛ց են։ Դարպասները փակելու ժամանակ մութ էր. այդ մարդիկ դուրս եկան, և չգիտեմ, թե ո՛ւր գնացին։ Շուտ գնացե՛ք նրանց հետևից, որ հասնեք նրանց»։ Իսկ ինքը նրանց հանել էր կտուրը և թաքցրել վուշի ցողունների տակ, որ շարել էր իր կտուրի վրա։ Մարդիկ Հորդանան գետի ճանապարհով մինչև գետանցները նրանց հետևից ընկան, և դարպասը փակեցին նրանց հետևից ընկնողների դուրս գալուց հետո։ Նրանք դեռ չէին պառկել, երբ կինը ելավ կտուրը՝ նրանց մոտ, և ասաց այդ մարդկանց. «Ես գիտեմ, որ Տերն այս երկիրը ձեզ է տվել, որ ձեր ահն ընկել է մեզ վրա, և որ ձեր պատճառով այս երկրի բոլոր բնակիչները հալումաշ են եղել. որովհետև մենք լսեցինք, թե ինչպես Տերը Կարմիր ծովի ջրերը ցամաքեցրեց ձեր առաջ Եգիպտոսից ձեր դուրս եկած ժամանակ, և թե ինչ արեցիք դուք Հորդանան գետի այն կողմում ամորհացիների երկու թագավորներին՝ Սեհոնին և Օգին, որոնց բնաջնջեցիք։ Մենք այդ լսեցինք, և մեր սրտերը վախից հալվեցին, և ոչ մեկիս մեջ համարձակություն չի մնացել ձեր պատճառով, որովհետև ձեր Տեր Աստվածն Աստված է վերևում՝ երկնքում, և ներքևում՝ երկրի վրա։ Եվ հիմա աղաչում եմ, երդվե՛ք ինձ Տիրոջով, որ ինչպես ես ողորմություն արեցի ձեր նկատմամբ, այնպես էլ դուք ողորմություն կանեք իմ հոր տան նկատմամբ։ Եվ ինձ ճշմարիտ մի նշա՛ն տվեք, որ ողջ կթողնեք իմ հորը, մորը, իմ եղբայրներին, քույրերին ու նրանց բոլոր հարազատներին և մեր անձերը մահից կազատեք»։

ՀԵՍՈՒ 2:1-13 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր