ՀԵՍՈՒ 15:1-12

ՀԵՍՈՒ 15:1-12 ՆՎԱԱ

Հուդայի որդիների ցեղի վիճակն ըստ իրենց տոհմերի եղավ մինչև եդովմացիների սահմանը. հարավային կողմից Սին անապատն էր՝ հարավային ծայրում։ Նրանց հարավային սահմանն այս եղավ. Աղի ծովի ծայրից, այսինքն՝ հարավակողմը նայող ծոցից. հարավային կողմից դուրս է գալիս Ակրաբիմի զառիվերը, անցնում Սին, հարավային կողմից բարձրանում դեպի Կադես-Բառնեա, անցնում Եսրոն, բարձրանում դեպի Ադդար և պտույտ տալիս դեպի Կարկայի կողմը. ապա անցնում է Ասեմոնից և դուրս գալիս Եգիպտոսի հեղեղատը. այս սահմանը հասնում է մինչև ծով։ Սա կլինի ձեր հարավային սահմանը։ Արևելյան սահմանը Աղի ծովն է մինչև Հորդանան գետի ծայրը։ Հյուսիսային կողմից սահմանն սկսվում է Հորդանան գետի ծայրում եղող ծոցից։ Այս սահմանը բարձրանում է մինչև Բեթագղա, անցնում Բեթարաբայի հյուսիսային կողմից և վեր ելնում մինչև Ռուբենի որդիների Բաանի քարը։ Ապա այս սահմանը Աքորի ձորից բարձրանում է Դաբիր և հյուսիսային կողմից դառնում դեպի Գաղգաղա, որը այդ ձորի հարավային կողմում գտնվող Էդոմինի զառիվերի դիմացն է։ Սահմանն անցնում է Ենսամյուսի ջրերից և հասնում Ռոգելի աղբյուրը։ Այս սահմանը բարձրանում է Ենոմի որդու ձորը՝ հարավային կողմից Հեբուսի մոտ, այսինքն՝ Երուսաղեմի մոտ, և ապա այս սահմանը բարձրանում է մինչև այն լեռան գագաթը, որը արևմտյան կողմից Ենոմի ձորի դիմացն է, իսկ հյուսիսային կողմից Ռափայինների ձորի ծայրին է։ Այս սահմանը լեռան գագաթից հասնում է մինչև Նափթովայի ջրի աղբյուրը, դուրս է գալիս Եփրոն լեռան քաղաքները և հասնում մինչև Բաաղա, այսինքն՝ Կարիաթարիմ։ Բաաղայից սահմանը շրջվում է արևմտյան կողմը՝ դեպի Սեիր լեռը, հյուսիսային կողմից անցնում Հարիմ լեռան մոտով, որ Քեսաղոնն է, այնտեղից իջնում է Բեթսամյուս և անցնում Թամնա։ Ապա այս սահմանը դուրս է գալիս Ակկարոնի մոտ՝ դեպի հյուսիս, և այս սահմանը հասնում է Սաքարոն, անցնում Բաաղա սարից, ձգվում մինչև Հաբնել և վերջանում ծովափի մեջ։ Արևմտյան սահմանը մեծ ծովի ափն է։ Այս է ահա Հուդայի որդիների սահմանը շուրջանակի՝ ըստ իրենց տոհմերի։