Երբ Հասորի Հաբին թագավորը լսեց, մարդ ուղարկեց Մադոնի Հոբաբ թագավորի մոտ, Սամրոնի թագավորի մոտ, Աքսափի թագավորի մոտ և այն թագավորների մոտ, որոնք հյուսիսային լեռներում, Քեներեթի հարավային դաշտում ու հովտում և Դորի գավառներում էին՝ արևմտյան կողմում, այսինքն՝ արևելյան և արևմտյան քանանացիների, ամորհացիների, քետացիների, փերեզացիների, լեռնաբնակ հեբուսացիների և Հերմոնի տակ Մասփայի երկրում ապրող խևացիների մոտ։ Նրանք դուրս եկան իրենց բոլոր բանակներով՝ ծովեզերքի ավազի չափ բազմաքանակ ժողովրդով, և խիստ շատ ձիերով ու կառքերով։ Այս բոլոր թագավորները, միանալով, գնացին բանակատեղի դրեցին Մառոնի ջրի մոտ, որպեսզի պատերազմեն Իսրայելի դեմ։
Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև վաղն այս ժամանակ ես նրանց բոլորին ջարդել պիտի տամ իսրայելացիների առաջ. ջղակտոր կանես նրանց ձիերին և կրակով կայրես նրանց կառքերը»։ Հեսուն և նրա հետ պատերազմող ամբողջ ժողովուրդը Մառոնի ջրի մոտ հանկարծակի նրանց դեմ գնացին և հարձակվեցին նրանց վրա։ Տերը նրանց մատնեց իսրայելացիների ձեռքը, և նրանք հարվածեցին նրանց ու հալածեցին նրանց մինչև մեծ Սիդոն և Մասրեփոթ-Մայիմ, մինչև Մասփայի հովիտը դեպի արևելք. և հարվածեցին նրանց, մինչև որ նրանցից ոչ մեկը չազատվեց։ Հեսուն նրանց արեց այնպես, ինչպես Տերն ասել էր իրեն. նրանց ձիերին ջղակտոր արեց և նրանց կառքերն այրեց կրակով։
Այն ժամանակ Հեսուն ետ դարձավ, գրավեց Հասորը և նրա թագավորին սպանեց սրով, որովհետև Հասորն առաջ այս բոլոր թագավորությունների գլուխն էր։ Նրա մեջ եղած բոլոր մարդկանց սրակոտոր արեցին, բնաջնջեցին. ոչ մեկը ողջ չմնաց, և Հասորն այրեց կրակով։ Այս թագավորների բոլոր քաղաքները Հեսուն գրավեց ու դրանց բոլոր թագավորներին սրի քաշելով՝ բնաջնջեց, ինչպես պատվիրել էր իրեն Տիրոջ ծառա Մովսեսը։ Բայց իսրայելացիները հողաբլուրների վրա եղած բոլոր քաղաքները չայրեցին, այլ միայն Հասորը, որ Հեսուն այրեց։ Այս քաղաքների ամբողջ ավարն ու անասունները Իսրայելի որդիները կողոպտեցին իրենց համար, բայց բոլոր մարդկանց սրի քաշեցին, մինչև որ բնաջնջեցին նրանց և ոչ մի շնչավոր չթողեցին։ Ինչպես Տերը պատվիրել էր իր ծառա Մովսեսին, այնպես Մովսեսը պատվիրեց Հեսուին, Հեսուն էլ այդպես արեց. ոչ մի բան զանց չարեց այն ամենից, ինչ որ Տերը պատվիրել էր Մովսեսին։