Երբ Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը լսեց, թե Հեսուն գրավել է Գային և այն ամբողջովին կործանել, ինչպես Երիքովի ու նրա թագավորի հետ էր արել, այդպես էլ արել է Գայիի ու նրա թագավորի հետ, և թե Գաբավոնի բնակիչները հաշտություն են կնքել իսրայելացիների հետ և նրանց մեջ մնացել, խիստ վախեցավ, որովհետև Գաբավոնը մեծ քաղաք էր՝ թագավորանիստ քաղաքներից մեկի նման. այն Գայիից ավելի մեծ էր, և նրա բոլոր մարդիկ զորավոր էին։ Դրա համար Երուսաղեմի Ադոնիսեդեկ թագավորը մարդ ուղարկեց Քեբրոնի Հոհամ թագավորի, Հերիմութի Փիրամ թագավորի, Լաքիսի Հաբիե թագավորի և Էգղոնի Դաբիր թագավորի մոտ՝ ասելով. «Բարձրացեք եկե՛ք ինձ մոտ և օգնե՛ք ինձ, որ հարվածենք Գաբավոնին, որովհետև նա հաշտություն կնքեց Հեսուի և Իսրայելի որդիների հետ»։ Եվ ամորհացիների հինգ թագավորները՝ Երուսաղեմի թագավորը, Քեբրոնի թագավորը, Հերիմութի թագավորը, Լաքիսի թագավորն ու Էգղոնի թագավորը, հավաքվեցին իրենք ու իրենց բոլոր բանակները և վեր գնացին, բանակատեղի դրեցին Գաբավոնի մոտ և պատերազմեցին նրա դեմ։
Գաբավոնի բնակիչները մարդ ուղարկեցին Հեսուի մոտ՝ Գաղգաղայի բանակատեղին՝ ասելով. «Քո ձեռքը ետ մի՛ քաշիր քո ծառաներից, շուտ մեզ մո՛տ բարձրացիր, մեզ ազատի՛ր և մեզ օգնի՛ր, որովհետև ամորհացիների բոլոր լեռնաբնակ թագավորները հավաքվել են մեր դեմ»։ Հեսուն ելավ գնաց Գաղգաղայից իր բոլոր պատերազմողների և զորքի բոլոր զորավոր մարդկանց հետ։ Տերը Հեսուին ասաց. «Մի՛ վախեցիր նրանցից, որովհետև քո ձեռքն եմ մատնել նրանց. նրանցից ոչ մեկը չի կանգնի քո առաջ»։ Հեսուն, ամբողջ գիշեր վեր բարձրանալով Գաղգաղայից, հանկարծակի հարձակվեց նրանց վրա։ Տերը նրանց խռովքի մատնեց իսրայելացիների առաջ, Գաբավոնի մոտ նրանց մեծ ջարդ տվեց, Բեթորոն բարձրանալու ճանապարհին նրանց հալածեց և մինչև Ազեկա ու Մակեդա հարվածեց նրանց։ Երբ նրանք փախչում էին իսրայելացիների առջևից և Բեթորոնից ցած էին իջնում, Տերը նրանց վրա երկնքից կարկուտի մեծ քարեր թափեց մինչև Ազեկա, և նրանք մեռան։ Կարկուտի քարերից մեռնողներն ավելի շատ էին, քան Իսրայելի որդիների սրերից սպանվածները։ Այն օրը, երբ Տերը ամորհացիներին մատնեց Իսրայելի որդիների ձեռքը, Հեսուն խոսեց Տիրոջ հետ և իսրայելացիների առաջ ասաց. «Արեգա՛կ, Գաբավոնի վրա՛ կանգնիր, և դու, լուսի՛ն, Այեղոնի ձորի վրա՛ կանգնիր»։ Եվ արեգակը կանգնեց, ու լուսինն իր տեղը մնաց, մինչև որ ժողովուրդն իր թշնամիներից վրեժ առավ։ Մի՞թե սա գրված չէ Ուղիղի գրքում. «Արեգակը կանգնեց երկնքի մեջտեղում և չշտապեց մայր մտնել ամբողջ մեկ օրվա չափ»։ Դրա նման օր չէր եղել ո՛չ առաջ և ո՛չ հետո, որ Տերը մի մարդու լսեր։ Տերն ինքը պատերազմեց Իսրայելի կողքին։
Հեսուն և նրա հետ բոլոր իսրայելացիները վերադարձան բանակատեղի՝ Գաղգաղա։