«Չէ՞ որ մարդս երկրի վրա զինվորության ծառայություն ունի, ու նրա օրերը վարձկանի օրերի պես են։
Ինչպես որ ստրուկն է ստվերի կարոտ լինում, և ինչպես որ վարձկանն է իր վարձին սպասում,
Այնպես էլ իմ բաժինն ունայնության ամիսներ եղան, ու ինձ համար թշվառության գիշերներ որոշվեցին։
Պառկելիս մտածում եմ, թե ե՛րբ եմ վեր կենալու, բայց գիշերը երկարում է, և ես մինչև առավոտ անկողնուս մեջ թավալվելուց հոգնում եմ։
Մարմինս որդեր ու հողի կոշտեր է հագել. մաշկս ճաքում է ու հալվում։
Օրերս մաքոքից արագ են վազում և առանց հույսի վերջանում են։
Հիշի՛ր, ո՜վ Աստված, որ կյանքս մի շունչ է. աչքս նորից բարիք չի տեսնելու։
Ինձ տեսածի աչքն այլևս ինձ չի տեսնելու. աչքդ ինձ կնայի, բայց ես այլևս չկամ։
Ինչպես ամպն է անցնում գնում, այնպես էլ գերեզման իջնողը վեր չի ելնի.
Երբեք իր տուն ետ չի դառնա, և նրա տեղը նրան չի ճանաչի։
Ես էլ իմ բերանը չեմ զսպելու, հոգուս նեղության մեջ խոսելու եմ, սրտիս դառնության ժամանակ գանգատվելու եմ։
Մի՞թե ես ծով եմ կամ ծովի վիշապ, որ դու վրաս պահապան ես դրել։
Երբ ասում եմ, որ անկողինս ինձ մխիթարելու է, մահիճս՝ իմ գանգատը թեթևացնելու,
Այն ժամանակ դու ինձ երազներով ես վախեցնում և ինձ ցնորքներով ես զարհուրեցնում,
Ուստի իմ հոգին խեղդվելն է ընտրում ու մահը, քան իմ մարմինը։
Ես իմ կյանքից զզվել եմ, հավիտյան չեմ ապրելու. հեռացե՛ք ինձանից, որովհետև օրերս ունայնություն են։
Մարդն ի՞նչ է, որ դու նրան մեծարես և որ ուշադրությունդ նրա վրա դարձնես
Եվ նրան ամեն առավոտ այցելես, նրան ամեն վայրկյան փորձես։
Մինչև ե՞րբ ինձանից ետ չես կանգնելու. չե՞ս թողնելու, որ թուքս կուլ տամ։
Մեղանչել եմ. ո՛վ մարդկանց Դիտող, ինչո՞ւ ես ինձ քեզ համար նշանակետ դարձրել, որ ինքս ինձ վրա բեռ եմ դարձել։
Եվ ինչո՞ւ չես իմ մեղքը ներում և իմ հանցանքին թողություն չես տալիս։ Որովհետև հիմա հողի մեջ եմ պառկելու. ինձ փնտրելու ես, ու ես չեմ լինելու»։