ՀՈԲ 6
6
1Հոբը պատասխանեց.
2«Երանի՜ իմ տրտմությունը լավ կշռվեր, ու միաժամանակ իմ ցավերը կշեռքի մեջ դրվեին։
3Քանի որ հիմա իմ տրտմությունը ծովերի ավազից ծանր է, դրա համար իմ խոսքերը անխոհեմ են։
4Որովհետև Ամենակարողի նետերն իմ մեջ են. նրանց թույնն իմ հոգին ծծում է. Աստծու արհավիրքները շարվել են իմ դեմ։
5Մի՞թե վայրի էշը խոտի կողքին կզռա, կամ եզն իր կերի մոտ կբառաչի՞։
6Մի՞թե անհամ բանը կուտվի առանց աղի, կամ ձվի սպիտակուցի մեջ համ կա՞։
7Այն, ինչին սիրտս չէր ուզում դիպչել, այն է եղել իմ զզվելի ուտելիքը։
8Երանի՜ ուզածս կատարվեր, և Աստված իմ ակնկալածը տար։
9Եվ Աստված համաձայնվեր ինձ ճզմելու, ձեռքը գցեր ու ինձ ոչնչացներ։
10Այն ժամանակ դեռ մխիթարություն կունենայի և անխնա ցավի մեջ կուրախանայի, որ Սրբի խոսքերը չեմ ուրացել։
11Իմ ուժն ի՞նչ է, որ դիմանամ, և իմ վերջն ի՞նչ է, որ համբերատար լինեմ։
12Իմ զորությունը քարերի՞ զորություն է, կամ իմ մարմինը պղնձի՞ց է։
13Չէ՞ որ իմ մեջ զորություն չկա ինձ օգնելու, և հաջողությունն ինձանից հեռացել է։
14Հուսահատ մարդուն անհրաժեշտ է բարեկամների օգնությունը, թեկուզ նա Ամենակարողի վախն էլ թողած լինի։
15Իմ եղբայրները խաբում են հեղեղների պես, ինչպես ձորի հեղեղատներն են անցնում,
16Որոնք սառնությունից պղտորված են. նրանց մեջ ձյուն կա ծածկված։
17Տաքանալիս դադար են առնում, շոգ ժամանակ իրենց տեղերից ցամաքում են։
18Քարավանները փոխում են իրենց ճամփան, բայց հասնում են անապատին ու կորչում։
19Թեմայի քարավանները նայեցին, Սաբայի ճանապարհորդները նրանց հուսացին.
20Նրանք հուսախաբ եղան, քանի որ վստահ էին. այնտեղ հասան ու ամաչեցին։
21Այժմ դուք անօգուտ եք ինձ համար. դուք տեսնում եք իմ թշվառությունն ու սարսափում։
22Արդյոք ասե՞լ եմ՝ ինձ համար մի բա՛ն բերեք ու ինձ ձեր ունեցվածքից փրկագի՛ն տվեք
23Եվ ինձ իմ թշնամու ձեռքից ազատեցե՛ք ու ինձ բռնավորների ձեռքից փրկեցե՛ք։
24Դուք ինձ սովորեցրե՛ք, ու ես կլռեմ և ինչում որ սխալվել եմ, ինձ հասկացրե՛ք։
25Ուղիղ խոսքերը որչա՜փ ցավալի են։ Բայց ձեզանից եկած հանդիմանությունն ի՞նչն է նախատում։
26Արդյոք մտածում եք խոսքերի՞ համար հանդիմանել, կարծես թե հուսահատի խոսքերը քամու խոսքեր են։
27Նույնիսկ որբի՛ վրա վիճակ կգցեիք ու ձեր բարեկամին կվաճառեիք։
28Բայց հիմա հաճեցե՛ք ինձ նայել. ես մի՞թե ձեր երեսին սուտ կասեմ։
29Դարձե՛ք խնդրեմ, որ անիրավություն չլինի։ Այո՛, դարձե՛ք, տեսե՛ք, որ իմ արդարությունը վտանգի մեջ է։
30Մի՞թե իմ լեզվի վրա անիրավություն կա. մի՞թե իմ քիմքը չար բաները չի զանազանում»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 6: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018