ՀՈԲ 40

40
1Տերը, Հոբին պատասխանելով, ասաց.
2«Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞ նրան մեղադրել. Աստծուն հանդիմանողը թող պատասխանի»։
3Հոբը պատասխանեց Տիրոջը և ասաց.
4«Ահա ես նվաստ եմ։ Ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
5Մեկ անգամ խոսել եմ, այլևս չեմ պատասխանի և երկրորդ անգամ չեմ կրկնի»։
6Տերը փոթորկի միջից պատասխան տվեց Հոբին ու ասաց.
7«Հիմա քաջազունի պես մեջքդ գոտեպնդի՛ր, որ քեզ հարցնեմ, և դու ինձ իմացնես։
8Հիրավի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ հանցավո՞ր անես, որպեսզի ինքդ արդարանաս։
9Կամ թե Աստծու նման բազո՞ւկ ունես ու կարո՞ղ ես քո ձայնով նրա պես որոտալ։
10Հիմա զարդարվի՛ր փառքով ու մեծությամբ, զգեստավորվի՛ր պատվով և մեծափառությամբ,
11Թափի՛ր բարկությանդ եռանդը ու նայի՛ր ամեն հպարտի և խոնարհեցրո՛ւ նրան.
12Նայի՛ր ամեն հպարտի, նվաստացրո՛ւ նրան և ամբարիշտներին ոտնակո՛խ արա իրենց տեղում.
13Նրանց միասին թաղի՛ր հողի մեջ, նրանց երեսները կապի՛ր ծածկոցով.
14Այն ժամանակ ես էլ քեզ կգովեմ, որ քո աջ ձեռքը կարող է փրկել քեզ։
15Ահա Բեհեմովթը#40.15 Կամ գետաձի։, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտն արջառի պես է ուտում։
16Ահա նրա ուժն իր մեջքում է, նրա զորությունն իր փորի մկանների մեջ է։
17Նա իր պոչը շարժում է եղևնու նման. նրա ազդրերի ջղերը հյուսված են։
18Նրա ոսկորները պղնձյա խողովակներ են. նրա ոսկորները երկաթյա ձողեր են։
19Նա Աստծու գործերի սկիզբն է. նրա Արարիչը նրան կմոտեցնի իր սուրը։
20Որովհետև սարերը կերակուր են բերում նրա համար, և դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ։
21Նա պառկում է ստվերախիտ ծառերի տակ՝ եղեգների ստվերում և ճահիճներում։
22Նրան ստվերախիտ ծառերի հովանիներն են ծածկում. նրան հեղեղատների ուռենիներն են շրջապատում։
23Երբ գետը վարարում է, ահա նա չի վրդովվում. նա ապահով է, եթե Հորդանանն էլ հորդի դեպի նրա բերանը։
24Որևէ մեկը կարո՞ղ է նրան բռնել, երբ նա բաց աչքերով դիտում է, կամ նրան որոգայթի մեջ բռնելով՝ նրա քիթը ծակել»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 40: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք