ՀՈԲ 38:1-21

ՀՈԲ 38:1-21 ՆՎԱԱ

Այն ժամանակ Տերը փոթորկի միջից պատասխանեց Հոբին և ասաց. «Ո՞վ է դա, որ խորհուրդը նսեմացնում է անիմաստ խոսքերով։ Տղամարդու պես մեջքդ գոտևորի՛ր, ու ես քեզ հարցնեմ, և դու ինձ գիտցածդ իմացրո՛ւ։ Երբ ես դնում էի երկրի հիմքերը, որտե՞ղ էիր. իմացրո՛ւ ինձ, եթե հասկացողություն ունես։ Եթե գիտես, ասա՛՝ ո՞վ դրեց դրա չափերը, կամ թե դրա վրա լարը ո՞վ քաշեց։ Դրա հիմքերն ինչի՞ վրա են դրված, կամ դրա անկյունաքարն ո՞վ է դրել, Երբ առավոտյան աստղերը միասին ցնծությամբ երգում էին, ու երբ Աստծու բոլոր որդիները ուրախությամբ աղաղակում էին։ Ծովը դռներով ո՞վ կապեց, երբ սա հորդահոսելով արգանդից դուրս եկավ։ Երբ ես ամպը նրա համար հագուստ դրեցի և մեգը՝ խանձարուր, Իմ սահմանը նրա համար հաստատեցի և փականք ու դռներ դրեցի Եվ ասացի. “Մինչև այստեղ գաս և էլ չանցնես. այստեղ քո փառահեղ ալիքները դադար կառնեն”։ Քո օրերում երբևէ մի առավոտի հրամայե՞լ ես, արշալույսին իր տեղը ցույց տվե՞լ ես, Որ երկրի ծայրերը բռնի, և ամբարիշտները նրանից թոթափվեն։ Որ երկիրը ձև առնի, ինչպես կնիքի կավը, և ներկայանա որպես հանդերձով զարդարված. Ամբարիշտներից իրենց լույսը վերցվի, ու բարձր բազուկը կոտրվի։ Արդյոք մինչև ծովի աղբյուրները գնացե՞լ ես և անդունդի խորքում ման եկե՞լ ես։ Արդյոք քո առաջ մահվան դռները բացվե՞լ են, ու մահվան ստվերում դռները տեսե՞լ ես։ Արդյոք երկրի լայնություններն ըմբռնե՞լ ես. ասա՛, եթե ամեն բան գիտես։ Ո՞րն է այն տեղի ճանապարհը, որտեղ լույսն է բնակվում, և ո՞րն է խավարի տեղը, Որ դու այն իր սահմանը տանես և նրա տան շավիղները իմանաս։ Դու գիտես, որովհետև այն ժամանակ ծնվեցիր, և քո օրերի թիվը մեծ է։