ՀՈԲ 37
37
1«Եվ հենց սրա համար է սիրտս դողում, իր տեղից ցատկում։
2Հապա լսեցե՛ք նրա որոտման ձայնը ուշադրությամբ ու նրա բերանից ելած շառաչյունը։
3Ամբողջ երկնքի տակ է այն արձակում և իր լույսը՝ մինչև երկրի ծայրերը։
4Դրա ետևից մի գոռոց է բարձրանում. նա իր մեծափառության ձայնով որոտում է և չի ուշացնում, երբ ձայնը լսվում է։
5Աստված իր ձայնով սքանչելի որոտում է, մեծամեծ բաներ անում, բայց մենք չենք կարող իմանալ։
6Որովհետև նա ձյանն ասում է. “Երկրի վրա՛ իջիր”, նաև ուժեղ անձրևին, իր զորության ուժեղ տարափին։
7Ամեն մարդու ձեռք կնքում է#37.7 Այսինքն՝ ստիպում է, որ ամեն մարդ դադարի աշխատելուց։, որ իր ստեղծած բոլոր մարդիկ հասկանան։
8Գազանները որջերն են մտնում, իրենց այրերում բնակվում։
9Հարավից փոթորիկն է գալիս, իսկ հյուսիսից՝ ցուրտը։
10Աստծու շնչից սառնամանիքներ են գոյանում, և ընդարձակ ջրերը սառչում են։
11Նաև ամպերը թացությամբ է լցնում և իր լուսավոր փայլակները նրանց մեջ տարածում։
12Դրանք շուռ գալով տեղափոխվում են նրա հորդորներով, որ երկրի երեսին նրա ամեն հրաման կատարեն։
13Նա ամպերը բերում է մարդկանց խրատելու համար, կամ երկիրը ոռոգելու համար, կամ իր շնորհը ցույց տալու համար։
14Ո՛վ Հոբ, լսի՛ր այս բաները, կանգնի՛ր ու մտածի՛ր Աստծու սքանչելի գործերի մասին։
15Գիտե՞ս արդյոք, թե Աստված դրանք ինչպե՛ս է կարգավորում և իր ամպի կայծակը փայլեցնում։
16Գիտե՞ս արդյոք ամպերի հավասարակշռությունը, գիտությամբ կատարյալի սքանչելիքները։
17 Գիտե՞ս, որ հագուստներդ տաքանում են, երբ երկիրը հարավի քամուց հանգստանում է։
18Նրա հետ միասին կարո՞ղ ես երկինքը տարածել, որ ձուլած հայելու պես ամուր է։
19Սովորեցրո՛ւ մեզ, թե նրան ի՛նչ ասենք. խավարի պատճառով չենք կարողանում մեր խոսքը դասավորել։
20Իրեն թող ասեն՝ արդյոք ես ուզո՞ւմ եմ խոսել իր հետ։ Որևէ մեկը երբևիցե փափագե՞լ է կործանվել։
21Եվ հիմա ոչ մեկը չի կարողանա նայել լույսին, որ փայլում է երկնքի վրա, երբ քամին անցնում է ու մաքրում դրանք։
22Հյուսիսից ոսկի և պայծառություն է գալիս, Աստծու շուրջը ահեղ փառավորություն կա։
23Նա Ամենակարող է. նրան չենք կարող գտնել։ Նա մեծ է զորությամբ և իրավունքն ու արդարության շատությունը նա չի ծռի։
24Դրա համար մարդիկ նրանից վախենում են. նա չի նայի ինքն իր մեջ իմաստուն եղող ոչ մեկի»։
Արդեն Ընտրված.
ՀՈԲ 37: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018