ՀՈԲ 36

36
1Եղիուսը շարունակելով ասաց.
2«Մի փոքր համբերի՛ր, որ քեզ տեղեկացնեմ, որովհետև Աստծու մասին դեռ էլի խոսք կա։
3Ես իմ իմացածը հեռվից պիտի բերեմ և իմ Արարչին արդարություն պիտի ընծայեմ։
4Որովհետև իմ խոսքը սուտ չէ. քեզ մոտ գիտությամբ կատարյալ մեկը կա։
5Ահա Աստված հզոր է, բայց չի արհամարհի. նա հզոր է իր հասկացողության կարողությամբ։
6Նա ամբարիշտին չի ապրեցնի և իրավունքը նեղյալներին կտա։
7Նա իր աչքերն արդարից ետ չի քաշի, այլ թագավորների հետ, նրանց աթոռի վրա էլ կդնի, և նրանք հավիտյան կբարձրանան։
8Եվ եթե նրանք շղթաներով կապված լինեն ու թշվառության պարաններով բռնվեն,
9Այն ժամանակ նրանց կհայտնի իրենց արարքները և հանցանքը, որ իրենք իրենց մեծարել էին։
10Նրանց ականջը խրատին բաց կանի ու կպատվիրի, որ իրենց անօրենությունից ետ կանգնեն։
11Եթե լսեն ու հնազանդվեն, իրենց օրերը բարով կվերջացնեն, իրենց տարիները՝ ուրախությամբ։
12Բայց եթե չլսեն, սրի կքաշվեն և առանց գիտության կմեռնեն։
13Սրտով անաստվածները բարկություն կդիզեն, օգնության աղաղակ չեն բարձրացնի, երբ իրենց կապի։
14Նրանց անձը երիտասարդ տարիքում կվախճանվի, ու նրանց կյանքը՝ իգացողների հետ։
15Նա աղքատին կազատի իր թշվառության ժամանակ, բռնությամբ կբացի նրանց ականջը։
16Քեզ էլ նեղության երախից մի ընդարձակ տեղ կհաներ, որտեղ նեղություն չկա, ու քո սեղանի վրա դրվածը պարարտալից կլիներ։
17Բայց դու լեցուն ես ամբարիշտների դատաստանով. դատաստանը և իրավունքը բռնելու են քեզ։
18Զգո՛ւյշ եղիր, բարկությունը քեզ չհրապուրի ծաղրելու. այն ժամանակ մեծ փրկանքը քեզ չի ազատի։
19Մի՞թե նա քո հարստությունը բանի տեղ կդնի, ո՛չ ոսկին, ո՛չ էլ քո ամբողջ զորությունը։
20Մի՛ տենչա այն գիշերին, որ ժողովուրդներին կտեղահանի։
21Զգուշացի՛ր, որ դեպի անօրենություն չդառնաս, որովհետև դու սա նեղություն քաշելուց նախընտրեցիր։
22Տե՛ս, Աստված իր զորությամբ բարձր է. նրա պես ուսուցանող ո՞վ կա։
23Նրա համար նրա ճանապարհն ո՞վ որոշեց, և ո՞վ կհամարձակվի ասել. “Անիրավություն արեցիր”։
24Մի՛տք արա, որ մեծարես նրա գործերը, որ մարդիկ երգերով փառաբանել են։
25Ամեն մարդ տեսնում է նրա արածները. մարդը հեռվից է դիտում։
26Ահա Աստված մեծ է, ու մենք չգիտենք. նրա տարիների թիվն անքննելի է։
27Որովհետև նա ջրի կաթիլները քաշում է և նրա գոլորշուց անձրև է թափում,
28Որ ամպերն են տեղում, առատորեն մարդկանց վրա կաթեցնում։
29Ո՞վ կարող է հասկանալ, թե ինչպե՛ս է տարածում ամպերը և կամ ինչպե՛ս է որոտում իր վրանից։
30Ահա նա իր կայծակի լույսը տարածում է իր շուրջը և ծածկում ծովի խորությունը։
31Որովհետև ազգերին դրանցով է դատում և առատորեն ուտելիք շնորհում։
32Նա իր ձեռքերում կայծակն է ծածկում և այն դեպի նշանակետն ուղղում։
33Փոթորկի մասին նրա շառաչյունն է ազդարարում. անգամ հոտերը գիտեն նրա մոտենալը»։

Արդեն Ընտրված.

ՀՈԲ 36: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք