ՀՈԲ 34:17-29

ՀՈԲ 34:17-29 ՆՎԱԱ

Մի՞թե արդարություն ատողը կարող է իշխել, և կամ թե արդար Հզորին կարո՞ղ ես հանցավոր հանել։ Աստված թագավորին ասում է՝ ո՛վ անպիտան, ազնվականներին՝ ո՛վ չար։ Նա իշխաններին աչառություն չի անի, հարուստին աղքատից ավելի ուշադրություն չի դարձնի, որովհետև բոլորն էլ նրա ձեռքի գործն են։ Մի վայրկյանում կմեռնեն։ Մի կեսգիշերի ընթացքում մի ժողովուրդ շփոթվում անցնում է, զորավորներն էլ են անցնում՝ առանց մարդու ձեռք դիպչելու։ Որովհետև նրա աչքերը մարդու ճանապարհների վրա են, և սրա բոլոր քայլերը տեսնում է։ Ո՛չ խավար կա, ո՛չ էլ թանձր ստվեր, որ այնտեղ անօրենները թաքնվեն։ Որովհետև Աստված ժամանակ չի սահմանել, որ որևէ մեկն իր առջև ներկայանա դատաստանի համար։ Նա մեծամեծներին առանց քննության փշրում է և նրանց տեղը ուրիշների դնում։ Այսպես նրանց գործերին տեղյակ է և նրանց տապալում է գիշերը, ու նրանք ճզմվում են։ Քանի որ ամբարիշտ են, մարդկանց աչքի առաջ նրանց պատժում է. Նրա համար, որ իրեն հետևելուց հեռացել են և իր բոլոր ճանապարհները աննկատ են թողել։ Այնպես որ պատճառ դարձան, որ աղքատի աղաղակը նրան հասավ, ու ինքը զրկյալների աղաղակը լսեց։ Եթե նա լուռ մնա, ո՞վ կարող է նրան դատապարտել։ Եթե նա երեսը ծածկի, ո՞վ կարող է նրան տեսնել։ Մի ազգի համար թե մի մարդու՝ մեկ է.