ՀՈԲ 19:1-27

ՀՈԲ 19:1-27 ՆՎԱԱ

Հոբը պատասխանեց. «Մինչև ե՞րբ պիտի իմ հոգին վշտացնեք ու ինձ ճնշեք խոսքերով։ Ահա տասն անգամ ինձ մեղադրեցիք. չե՞ք ամաչում՝ ինձ հետ վատ եք վարվում։ Եվ եթե ես իրոք սխալվել եմ, իմ սխալմունքը միայն ինձ է վերաբերում։ Եթե իմ նկատմամբ մեծամտանալ եք ուզում և նվաստացումիս համար ինձ հանդիմանում եք, Իմացե՛ք ուրեմն, որ Աստված է ինձ տապալել ու իր ցանցով ինձ պատել։ Թեպետ աղաղակում եմ՝ “Անիրավված եմ”, բայց պատասխան չեմ ստանում, բողոքում եմ, բայց իրավունք չկա։ Նա ճանապարհս փակել է, ու չեմ կարողանում անցնել, և իմ շավիղները խավարով է ծածկել։ Փառքս ինձնից վերացրել է, թագս գլխիցս վերցրել։ Ինձ ամեն կողմից խորտակել է, ու ես գնում եմ, և իմ հույսը ծառի նման արմատախիլ է արել։ Նա իմ դեմ վառել է իր բարկությունը և ինձ իր թշնամիներից է համարում։ Նրա գնդերը միասին եկել են, իրենց ճանապարհներն իմ դեմ դրել ու իմ վրանի շուրջը բանակ են դրել։ Իմ եղբայրներին ինձնից հեռացրել է. իմ ծանոթներն էլ ինձնից օտարացել են։ Իմ ազգականներն ինձ լքել են, ու իմ ծանոթները՝ ինձ մոռացել։ Իմ տանն ապրողներն ու իմ աղախիններն ինձ օտար են համարում. նրանց աչքին ես մի օտարական եմ դարձել։ Ծառայիս կանչում եմ, բայց նա չի պատասխանում. նրան իմ բերանով պետք է աղաչեմ։ Իմ շունչը կնոջս համար ատելի է, և ես զզվելի եմ իմ եղբայրների համար։ Ինձ փոքր երեխաներն անգամ անարգում են. հենց վեր եմ կենում, նրանք վրաս խոսում են։ Իմ մտերիմ բարեկամներն ինձնից զզվում են, և իմ սիրեցյալները հակառակվում են ինձ։ Ոսկորներս մարմնիս ու մաշկիս են կպել, և ատամներիս կաշիով եմ ազատվել։ Ողորմեցե՜ք ինձ, ողորմեցե՜ք ինձ, ո՛վ իմ բարեկամներ, որովհետև ինձ Աստծու ձեռքն է դիպել։ Ինչո՞ւ եք դուք էլ Աստծու նման ինձ հալածում. իմ մարմնից չե՞ք կշտանում։ Օ՜, երանի՜ թե խոսքերս գրի առնվեին, երանի՜ թե մի գրքում փորագրվեին՝ Երկաթե գրիչով ու կապարով, քարի վրա հավիտյան փորագրվեին։ Իսկ ես գիտեմ, որ Փրկիչս ողջ է և ի վերջո երկրի վրա կկանգնի. Իմ մաշկի այսպես փչանալուց հետո Աստծուն իմ մարմնով եմ տեսնելու։ Նրան ինքս եմ տեսնելու, և իմ աչքերն են նայելու, ոչ թե ուրիշինը։ Երիկամներս իմ ներսում հալվում են։