ՀՈԲ 16:1-22

ՀՈԲ 16:1-22 ՆՎԱԱ

Հոբը պատասխանեց. «Ես սրանց նման շատ բաներ եմ լսել. դուք բոլորդ ձանձրալի մխիթարողներ եք։ Դատարկ խոսքերը մի՞թե վերջ ունեն, կամ քեզ ի՞նչն է դրդում, որ պատասխանես։ Ես էլ ձեզ նման կխոսեի, եթե ձեր հոգին իմ հոգու տեղը լիներ. ձեր դեմ խոսքեր կշարադրեի և գլուխս ձեզ վրա կշարժեի։ Ձեզ իմ բերանով կքաջալերեի, և իմ շրթունքների շարժումը կարող էր ձեր ցավերը մեղմել։ Թե խոսեմ էլ՝ ցավս չի փարատվի, և լռեմ էլ՝ ինձանից ի՞նչ կգնա։ Բայց հիմա Աստված ինձ հոգնեցրել է. նա իմ ամբողջ ընտանիքն ամայի է արել։ Դու ինձ խորշոմներով ես պատել. սա վկայություն է դարձել, և իմ նիհարությունն իմ դեմ է վեր կացել, իմ դեմ է վկայում։ Նրա բարկությունը պատառոտում է և իմ դեմ թշնամանում. նա ինձ վրա իր ատամներն է կրճտացնում, իմ թշնամին աչքերն է իմ դեմ սրել։ Ինձ վրա իրենց բերանն են բացել. նախատինքով ծնոտիս են խփում, իմ դեմ են համախմբվել։ Աստված ինձ անզգամին է մատնել և ամբարիշտների ձեռքն է գցել ինձ։ Ես հանգիստ էի, բայց նա ինձ փշուր-փշուր արեց, վզիցս բռնեց ու ջախջախեց ինձ, իր համար նշանակետ դարձրեց ինձ։ Նրա աղեղնավորները շրջապատեցին ինձ. նա իմ երիկամներն է պատառոտում և չի խնայում, լեղիս գետին է թափում։ Նա ինձ պատառում, պատառ-պատառ է անում, մարտիկի պես ինձ վրա է հարձակվում։ Ես իմ մորթի վրա քուրձ կարեցի և իմ եղջյուրը հողի մեջ մտցրի։ Երեսս լաց լինելուց կարմրել է. կոպերիս վրա մահվան ստվեր կա։ Թեև ձեռքերիս մեջ անիրավություն չկա, և աղոթքս մաքուր է, Երկի՛ր, իմ արյունը մի՛ ծածկիր, և իմ աղաղակը թող հանգստանալու տեղ չունենա։ Իմ վկան հենց հիմա էլ ահա երկնքում է, և իմ փաստաբանը բարձրերում է։ Ինձ ծաղրողներն իմ բարեկամներն են. իմ աչքն առ Աստված արտասվում է։ Օ՜, եթե մարդը կարողանար Աստծու առաջ իր իրավունքը պաշտպանել, ինչպես մեկն իր ընկերոջ իրավունքն է պաշտպանում։ Որովհետև այս մի քանի տարիները կվերջանան, ու ես այն ճանապարհով կգնամ, որով ետ չեմ դառնա»։