ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:22-38

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:22-38 ՆՎԱԱ

Նրա ծնողներն այս ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաներն արդեն համաձայնության էին եկել, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, ժողովարանից հեռացվի։ Դրա համար նրա ծնողներն ասացին. «Ինքը չափահաս է, իրե՛ն հարցրեք»։ Հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդուն, որ կույր էր, ու նրան ասացին. «Ասա՛ ճշմարտությունն Աստծու առաջ։ Մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ Իսկ նա պատասխանեց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ. մի բան գիտեմ, որ կույր էի և այժմ տեսնում եմ»։ Եվ դարձյալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, աչքերդ ինչպե՞ս բացեց»։ Նրանց պատասխանեց. «Ձեզ արդեն ասացի, բայց չլսեցիք. ի՞նչ եք դարձյալ ուզում լսել. գուցե դուք է՞լ եք ցանկանում նրան աշակերտել»։ Նրանք նախատեցին նրան ու ասացին. «Դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված խոսեց Մովսեսի հետ, իսկ սրան չգիտենք, թե որտեղի՛ց է»։ Մարդը պատասխանեց ու ասաց նրանց. «Դա է զարմանալին, որ դուք չգիտեք, թե այդ մարդը որտեղի՛ց է, իսկ նա իմ աչքերը բացեց։ Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Աշխարհի սկզբից ի վեր լսված չէ, որ մեկը ի ծնե կույրի աչքերը բացած լինի։ Եթե նա Աստծուց չլիներ, ոչինչ չէր կարող անել»։ Պատասխանեցին ու նրան ասացին. «Դու, որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել, դո՞ւ ես մեզ դաս տալիս»։ Եվ նրան դուրս հանեցին։ Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։ Նա պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, իսկ ո՞վ է նա, որ նրան հավատամ»։ Հիսուսը նրան ասաց. «Ե՛վ տեսար նրան, և՛ քեզ հետ խոսողն էլ նա է»։ Եվ նա ասաց. «Հավատում եմ, Տե՛ր», ու երկրպագեց նրան։