ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:1-41

ՀՈՎՀԱՆՆԵՍ 9:1-41 ՆՎԱԱ

Մինչ Հիսուսն անցնում էր, ի ծնե կույր մի մարդու տեսավ։ Նրա աշակերտները հարցրին նրան. «Ռա՛բբի, ո՞վ է մեղանչել, որ նա կույր է ծնվել. նա՞, թե՞ նրա ծնողները»։ Հիսուսը պատասխանեց. «Ո՛չ նա է մեղանչել, ո՛չ էլ նրա ծնողները, այլ որպեսզի նրա միջոցով Աստծու գործերը հայտնի դառնան։ Քանի դեռ ցերեկ է, ես պետք է կատարեմ ինձ ուղարկողի գործերը։ Գիշերը գալիս է, և այն ժամանակ ոչ ոք չի կարող գործել։ Քանի դեռ աշխարհում եմ, լույսն եմ աշխարհի»։ Այս ասելով՝ թքեց գետնին, թքից կավ շինեց և այն քսեց կույրի աչքերին ու նրան ասաց. «Գնա լվացվի՛ր Սիլովամի ավազանում» (որ նշանակում է «Ուղարկված»)։ Արդ նա գնաց, լվացվեց ու երբ վերադարձավ, տեսնում էր։ Այդժամ հարևաններն ու նրանք, որ նախկինում նրան տեսել էին, որ մուրացիկ էր, ասում էին. «Այդ նա չէ՞, որ նստած մուրում էր»։ Ոմանք ասում էին՝ «Նա է», ուրիշներն էլ՝ «Նրան նման է»։ Սակայն ինքն ասում էր՝ «Ես եմ»։ Արդ նրան հարցնում էին. «Հապա աչքերդ ինչպե՞ս բացվեցին»։ Նա պատասխանեց. «Մի մարդ, անունը՝ Հիսուս, կավ շինեց, աչքերիս քսեց և ինձ ասաց. "Գնա՛ Սիլովամ ու լվացվի՛ր"։ Գնացի, լվացվեցի և տեսնում եմ»։ Եվ նրան ասացին. «Որտե՞ղ է նա»։ Ասաց. «Չգիտեմ»։ Նրան, որ մի ժամանակ կույր էր, փարիսեցիների մոտ տարան։ Օրը շաբաթ էր, երբ Հիսուսը կավ շինեց ու նրա աչքերը բացեց։ Փարիսեցիները ևս նրան կրկին հարցրին, թե ինչպե՛ս եղավ, որ նա տեսնում է։ Եվ նա ասաց նրանց. «Աչքերիս վրա կավ դրեց, լվացվեցի և տեսնում եմ»։ Փարիսեցիներից ոմանք ասացին. «Այդ մարդն Աստծուց չէ, քանի որ շաբաթ օրը չի պահում»։ Իսկ ուրիշներն ասում էին. «Ինչպե՞ս կարող է մեղավոր մարդը այսպիսի նշաններ անել»։ Եվ նրանց մեջ երկպառակություն կար։ Այդժամ կույրին դարձյալ հարցրին. «Իսկ դու ի՞նչ ես ասում նրա մասին, քանի որ նա աչքերդ բացեց»։ Նա ասաց. «Մարգարե է»։ Սակայն հրեաները չէին հավատում, թե նա կույր էր ու սկսեց տեսնել, մինչև որ կանչեցին աչքերը բացվածի ծնողներին և նրանց հարցրին. «Սա՞ է ձեր որդին, որի մասին դուք ասում եք, թե կույր է ծնվել. իսկ հիմա ինչպե՞ս է տեսնում»։ Նրա ծնողները պատասխանեցին ու ասացին. «Գիտենք, որ սա մեր որդին է և որ կույր է ծնվել, բայց թե հիմա ինչպե՛ս է տեսնում, չգիտենք, կամ թե ո՛վ բացեց նրա աչքերը, նույնպես չգիտենք. նրա՛ն հարցրեք. ինքը չափահաս է, թող ինքն իր մասին խոսի»։ Նրա ծնողներն այս ասացին, որովհետև հրեաներից վախենում էին, քանի որ հրեաներն արդեն համաձայնության էին եկել, որ եթե մեկը նրան Քրիստոս խոստովանի, ժողովարանից հեռացվի։ Դրա համար նրա ծնողներն ասացին. «Ինքը չափահաս է, իրե՛ն հարցրեք»։ Հետո երկրորդ անգամ կանչեցին այն մարդուն, որ կույր էր, ու նրան ասացին. «Ասա՛ ճշմարտությունն Աստծու առաջ։ Մենք գիտենք, որ այն մարդը մեղավոր է»։ Իսկ նա պատասխանեց. «Թե մեղավոր է, ես չգիտեմ. մի բան գիտեմ, որ կույր էի և այժմ տեսնում եմ»։ Եվ դարձյալ ասացին նրան. «Քեզ ի՞նչ արեց, աչքերդ ինչպե՞ս բացեց»։ Նրանց պատասխանեց. «Ձեզ արդեն ասացի, բայց չլսեցիք. ի՞նչ եք դարձյալ ուզում լսել. գուցե դուք է՞լ եք ցանկանում նրան աշակերտել»։ Նրանք նախատեցին նրան ու ասացին. «Դու ես նրա աշակերտը, իսկ մենք Մովսեսի աշակերտներն ենք։ Մենք գիտենք, որ Աստված խոսեց Մովսեսի հետ, իսկ սրան չգիտենք, թե որտեղի՛ց է»։ Մարդը պատասխանեց ու ասաց նրանց. «Դա է զարմանալին, որ դուք չգիտեք, թե այդ մարդը որտեղի՛ց է, իսկ նա իմ աչքերը բացեց։ Գիտենք, որ Աստված մեղավորներին չի լսում, բայց եթե մեկն աստվածապաշտ է ու նրա կամքը կատարում է, նրան լսում է։ Աշխարհի սկզբից ի վեր լսված չէ, որ մեկը ի ծնե կույրի աչքերը բացած լինի։ Եթե նա Աստծուց չլիներ, ոչինչ չէր կարող անել»։ Պատասխանեցին ու նրան ասացին. «Դու, որ ամբողջովին մեղքի մեջ ես ծնվել, դո՞ւ ես մեզ դաս տալիս»։ Եվ նրան դուրս հանեցին։ Հիսուսը լսեց, որ նրան դուրս են հանել, և երբ նրան գտավ, ասաց. «Դու Աստծու Որդուն հավատո՞ւմ ես»։ Նա պատասխանեց ու ասաց. «Տե՛ր, իսկ ո՞վ է նա, որ նրան հավատամ»։ Հիսուսը նրան ասաց. «Ե՛վ տեսար նրան, և՛ քեզ հետ խոսողն էլ նա է»։ Եվ նա ասաց. «Հավատում եմ, Տե՛ր», ու երկրպագեց նրան։ Հիսուսն ասաց. «Ես այս աշխարհ եկա դատաստանի համար, որպեսզի ովքեր չեն տեսնում, տեսնեն, իսկ ովքեր տեսնում են, կուրանան»։ Փարիսեցիներից ոմանք, որ նրա հետ այնտեղ էին, այս լսեցին ու նրան ասացին. «Մի՞թե մենք էլ կույր ենք»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե կույր լինեիք, մեղք չէիք ունենա. բայց հիմա ասում եք՝ "Տեսնում ենք", և ձեր մեղքը ձեր մեջ է մնում»։