ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:31-51

ՀՈՎՀԱՆՆԵՍ 8:31-51 ՆՎԱԱ

Այդժամ Հիսուսն իրեն հավատացած հրեաներին ասաց. «Եթե դուք հավատարիմ մնաք իմ խոսքին, իմ ճշմարիտ աշակերտները կլինեք։ Կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը կազատի ձեզ»։ Նրան պատասխանեցին. «Մենք Աբրահամի որդիներն ենք և երբեք ոչ ոքի չենք ծառայել. դու ինչպե՞ս ես ասում, թե ազատ կլինեք»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ամեն ոք, ով մեղք է գործում, մեղքի ծառա է։ Իսկ ծառան ընդմիշտ տանը չի մնում. որդին է ընդմիշտ մնում։ Արդ, եթե Որդին ձեզ ազատի, ճշմարտապես ազատ կլինեք։ Գիտեմ, որ Աբրահամի որդիներն եք, բայց ուզում եք ինձ սպանել, որովհետև իմ խոսքը ձեր մեջ տեղ չունի։ Ես ասում եմ այն, ինչ տեսել եմ իմ Հոր մոտ, իսկ դուք անում եք այն, ինչ տեսել եք ձեր հորից»։ Պատասխանեցին նրան ու ասացին. «Մեր հայրն Աբրահամն է»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աբրահամի որդիներ լինեիք, Աբրահամի գործերը կկատարեիք։ Բայց հիմա ուզում եք սպանել ինձ, մի մարդու, որ ճշմարտությունն է ձեզ ասել, և որը ես Աստծուց լսեցի. այդ բանն Աբրահամը չարեց։ Դուք ձեր հոր գործերն եք կատարում»։ Եվ նրան ասացին. «Մենք պոռնկությունից չենք ծնվել. մեկ Հայր ունենք՝ Աստված»։ Հիսուսը նրանց ասաց. «Եթե Աստված ձեր Հայրը լիներ, ինձ կսիրեիք, որովհետև ես Աստծուց ելա ու եկա. ես ինքս ինձ չեկա, այլ նա՛ ինձ ուղարկեց։ Դուք իմ խոսքերն ինչո՞ւ չեք հասկանում. որովհետև չեք կարողանում իմ խոսքը լսել։ Ձեր ունեցած հայրը սատանան է, և ինչ ձեր հայրը ցանկանում է, այդ եք ուզում կատարել։ Նա սկզբից ևեթ մարդասպան էր և ճշմարտության մեջ չմնաց, որովհետև նրա մեջ ճշմարտություն չկա։ Երբ նա ստում է, ինքն իրեն է արտահայտում, որովհետև ստախոս է և կեղծիքի հայրը։ Սակայն ես, որ ճշմարտությունն եմ ասում, ինձ չեք հավատում։ Ձեզանից ո՞վ կարող է ինձ մեղքի համար հանդիմանել. բայց եթե ճշմարտությունն եմ ասում, ինչո՞ւ ինձ չեք հավատում։ Ով Աստծուց է, Աստծու խոսքերն է լսում. դուք Աստծուց չեք, դրա համար դուք չեք լսում»։ Հրեաները պատասխանեցին նրան. «Մենք ճիշտ չե՞նք, երբ ասում ենք, որ դու սամարացի ես ու դև ունես»։ Հիսուսը պատասխանեց. «Ես դև չունեմ, այլ պատվում եմ իմ Հորը, իսկ դուք ինձ անարգում եք։ Սակայն ես իմ փառքը չեմ փնտրում. կա մեկը, որ այն փնտրում է և դատում։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե մեկն իմ խոսքը պահի, նա մահ չի տեսնի հավիտյան»։