ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:1-53

ՀՈՎՀԱՆՆԵՍ 7:1-53 ՆՎԱԱ

Դրանից հետո Հիսուսը շրջում էր Գալիլեայում։ Նա չէր ուզում շրջել Հուդայում, քանի որ հրեաներն ուզում էին սպանել նրան։ Մոտենում էր հրեաների Տաղավարահարաց տոնը։ Հիսուսի եղբայրները նրան ասացին. «Դո՛ւրս արի այստեղից և գնա՛ Հուդա, որ քո աշակերտներն էլ տեսնեն այն գործերը, որ անում ես։ Որովհետև չկա մեկը, որ գաղտնի գործի և ուզենա հայտնի լինել. եթե այդ գործերն անում ես, ուրեմն հայտնի՛ր քեզ աշխարհին»։ Հիսուսի եղբայրները նույնպես չէին հավատում նրան։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ ժամանակը դեռ չի հասել, բայց ձեզ համար միշտ ժամանակն է։ Աշխարհը չի կարող ձեզ ատել, բայց ինձ ատում է, որովհետև ես վկայում եմ նրա մասին, որ նրա գործերը չար են։ Դուք գնացե՛ք այդ տոնին. ես այդ տոնին չեմ գնում, որովհետև իմ ժամանակը դեռ չի լրացել»։ Հիսուսն այս ասաց նրանց և մնաց Գալիլեայում։ Երբ նրա եղբայրները տոնի համար Երուսաղեմ բարձրացան, այն ժամանակ ինքն էլ այդ տոնին գնաց, բայց ոչ հայտնապես, այլ ծածուկ։ Այդ տոնի ժամանակ հրեաները փնտրում էին նրան ու ասում. «Որտե՞ղ է նա»։ Եվ բազմության մեջ նրա մասին շատ տարակարծություններ կային։ Ոմանք ասում էին՝ «Բարի մարդ է», իսկ ոմանք՝ «Ո՛չ, նա մոլորեցնում է ժողովրդին»։ Ոչ ոք նրա մասին բացահայտ չէր խոսում, որովհետև վախենում էին հրեաներից։ Տոնակատարության կեսին արդեն Հիսուսը տաճար ելավ և ուսուցանում էր։ Հրեաները զարմանում էին ու ասում. «Նա ինչպե՞ս գիտի Սուրբ Գիրքը, երբ բնավ չի ուսանել»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ ուսուցումն իմը չէ, այլ նրանը, ով ինձ ուղարկեց։ Եթե մեկը ցանկանում է նրա կամքը կատարել, նա կհասկանա, թե այս ուսուցումն արդյոք Աստծո՞ւց է, թե՞ ես ինքս ինձնից եմ խոսում։ Ինքն իրենից խոսողն իր փառքն է փնտրում, սակայն ով իրեն ուղարկողի փառքն է փնտրում, նա ճշմարիտ է, և նրա մեջ կեղծ բան չկա։ Չէ՞ որ Օրենքը ձեզ Մովսեսը տվեց, սակայն ձեզանից ոչ ոք Օրենքը չի կատարում։ Ինչո՞ւ եք ուզում ինձ սպանել»։ Բազմությունը պատասխանեց. «Քո մեջ դև՞ ունես. ո՞վ է ուզում քեզ սպանել»։ Հիսուսը պատասխանեց նրանց ու ասաց. «Մի գործ արեցի, և բոլորդ զարմացել եք։ Դրա համար Մովսեսը ձեզ թլփատությունը տվեց (թեև այդ ոչ թե Մովսեսից էր, այլ նահապետներից), և շաբաթ օրով մարդ եք թլփատում։ Արդ, եթե մարդը նույնիսկ շաբաթ օրով է թլփատվում, որպեսզի Մովսեսի օրենքը չխախտվի, ինձ վրա ինչո՞ւ եք բարկանում, որ ես շաբաթ օրով մի մարդու լիովին բժշկեցի։ Ըստ տեսածի մի՛ դատեք, այլ արդա՛ր դատաստան արեք»։ Երուսաղեմցիներից ոմանք ասում էին. «Սա չէ՞ նա, որին ուզում են սպանել։ Բայց ահա նա համարձակ խոսում է, և նրան ոչինչ չեն ասում։ Գուցե իշխանավորներն իրապես ճանաչեցի՞ն, որ սա է Քրիստոսը։ Բայց գիտենք նրան, թե որտեղի՛ց է. իսկ երբ Քրիստոսը գա, ոչ ոք չի իմանալու, թե որտեղի՛ց է»։ Այդժամ Հիսուսը, որ ուսուցանում էր տաճարում, աղաղակեց և ասաց. «Ե՛վ ինձ գիտեք, և՛ գիտեք, թե որտեղի՛ց եմ. ինքս ինձ չեմ եկել. բայց ճշմարիտ է նա, ով ինձ ուղարկել է, նա, որին դուք չգիտեք։ Ես գիտեմ նրան, որովհետև նրանից եմ, և նա՛ ինձ ուղարկեց»։ Այդժամ ուզում էին նրան բռնել, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց, որովհետև նրա ժամանակը դեռ չէր եկել։ Ժողովրդից շատերը նրան հավատացին ու ասում էին. «Երբ Քրիստոսը գա, արդյոք ավելի՞ շատ նշաններ պիտի անի, քան սա է անում»։ Փարիսեցիները լսեցին ժողովրդի մեջ նրա մասին եղած շշուկները, և փարիսեցիներն ու քահանայապետները սպասավորներ ուղարկեցին, որպեսզի նրան բռնեն։ Այդժամ Հիսուսն ասաց. «Դեռ մի փոքր ժամանակ ձեզ հետ եմ և ապա գնալու եմ ինձ ուղարկողի մոտ։ Ինձ կփնտրեք, բայց չեք գտնի, և որտեղ ես լինելու եմ, դուք չեք կարող գալ»։ Արդ հրեաները միմյանց ասացին. «Ո՞ւր է գնալու, որ մենք չգտնենք դրան. գուցե գնալու է հույների մեջ ցրված հրեաների մոտ և հույների՞ն է ուսուցանելու։ Ի՞նչ է նշանակում այն խոսքը, որ ասաց. "Ինձ կփնտրեք, բայց չեք գտնի, և որտեղ ես եմ, դուք չեք կարող գալ"»։ Եվ տոնի վերջին մեծ օրը Հիսուսը կանգնած էր և աղաղակում էր՝ ասելով. «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա ու խմի։ Ինչպես Գիրքն է ասում. "Ով ինձ հավատում է, նրա ներսից կենդանի ջրերի գետեր պիտի բխեն"»։ Նա այս ասաց՝ նկատի ունենալով Հոգուն, որն ընդունելու էին նրան հավատացողները, որովհետև Սուրբ Հոգին դեռևս չունեին, քանի որ Հիսուսը դեռ փառավորված չէր։ Արդ ժողովրդի միջից շատերը, երբ լսում էին այս խոսքերը, ասում էին. «Իրապես որ նա մարգարեն է»։ Ուրիշներն ասում էին. «Սա է Քրիստոսը»։ Իսկ մնացածն էլ ասում էին. «Մի՞թե Քրիստոսը Գալիլեայից է գալու. չէ՞ որ Գիրքն ասում է. "Քրիստոսը գալու է Դավթի սերնդից ու Բեթլեհեմ գյուղից, որտեղից Դավիթն էր"»։ Եվ ժողովրդի մեջ նրա պատճառով պառակտում եղավ։ Նրանցից ոմանք ուզեցին բռնել նրան, բայց ոչ ոք նրա վրա ձեռքը չերկարեց։ Արդ, սպասավորները վերադարձան քահանայապետների ու փարիսեցիների մոտ, և սրանք ասացին նրանց. «Ինչո՞ւ նրան չբերեցիք»։ Սպասավորները պատասխանեցին. «Ոչ մի մարդ երբեք այդպես չի խոսել, ինչպես այս մարդը»։ Փարիսեցիները նրանց պատասխանեցին. «Մի՞թե դուք էլ եք մոլորվել։ Մի՞թե իշխանավորներից կամ փարիսեցիներից մեկը հավատաց նրան, բացի այս ժողովրդից, որ չգիտի օրենքը և դրա համար նզովված է»։ Նիկոդեմոսը, որ նախկինում գիշերով Հիսուսի մոտ էր գնացել և նրանցից մեկն էր, ասաց նրանց. «Մի՞թե մեր օրենքը դատապարտում է մարդուն՝ առանց նախապես նրան լսելու կամ իմանալու, թե ի՛նչ է արել»։ Նրանք պատասխանեցին նրան. «Գուցե դու է՞լ ես Գալիլեայից. քննի՛ր ու տե՛ս, որ Գալիլեայից մարգարե դուրս չի գալիս»։ Եվ ամեն մեկն իր տուն գնաց։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում