ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:51-71

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:51-71 ՆՎԱԱ

Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։ Այդժամ հրեաները միմյանց հետ վիճաբանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը նրան հարություն կտամ։ Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ՝ նրա հետ։ Ինչպես կենդանի Հայրը ինձ ուղարկեց, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ նա, ով ինձ ուտում է, կապրի ինձանով։ Սա է այն հացը, որ երկնքից է իջել, և ո՛չ մանանան, որ ձեր հայրերը կերան, բայց մեռան։ Նա, ով ուտի այս հացը, հավիտյան կապրի»։ Հիսուսն այս ասաց ժողովարանում, երբ Կափառնաումում ուսուցանում էր։ Եվ նրա աշակերտներից շատերը երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է դա լսել»։ Բայց երբ Հիսուսն ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնո՞ւմ է։ Իսկ եթե տեսնեք Մարդու Որդուն վեր բարձրանալիս այնտեղ, որտեղ առա՞ջ էր։ Հոգին է կյանք տվողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, և ով էր նա, որ մատնելու էր իրեն։ Եվ ասաց. «Դրա համար ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ Հոր կողմից տրված չէ նրան»։ Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ Արդ Հիսուսն այն տասներկուսին ասաց. «Գուցե դուք է՞լ եք ուզում գնալ»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, սակայն ձեզանից մեկը սատանա է»։ Եվ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որովհետև նա էր տասներկուսից մեկը, որ մատնելու էր նրան։

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:51-71 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում