Այս է իմ Հոր կամքը. ով Որդուն տեսնի ու հավատա նրան, հավիտենական կյանք կունենա, ու ես վերջին օրը հարություն կտամ նրան»։
Այդժամ հրեաները վրդովվում էին, որ ասաց. «Ես եմ երկնքից իջած հացը»։ Եվ ասում էին. «Սա Հիսուսը չէ՞, Հովսեփի որդին, որի հորն ու մորը ճանաչում ենք։ Հիմա ինչպե՞ս է ասում՝ "Ես երկնքից եմ իջել"»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Իրար մեջ մի՛ քրթմնջացեք։ Ոչ ոք չի կարող ինձ մոտ գալ, եթե նրան դեպի ինձ չբերի Հայրը, որն ինձ ուղարկեց, և ես վերջին օրը հարություն կտամ նրան։ Մարգարեների գրքերում գրված է. "Աստված ինքը բոլորին կուսուցանի" ։ Արդ, ով Հորից լսում ու սովորում է, ինձ մոտ է գալիս։ Բայց ոչ ոք չի տեսել Հորը. միայն նա, ով Աստծուց է, նա՛ է տեսել Հորը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ինձ հավատացողը հավիտենական կյանք ունի։ Ես եմ կյանքի հացը։ Ձեր հայրերն անապատում կերան մանանան, բայց մեռան։ Սակայն ով ուտի այն հացից, որ երկնքից է իջել, չի մեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջել։ Եթե մեկն այս հացից ուտի, հավիտյան կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որ ես տալու եմ աշխարհի կյանքի համար»։
Այդժամ հրեաները միմյանց հետ վիճաբանում էին ու ասում. «Սա ինչպե՞ս կարող է իր մարմինը մեզ տալ՝ ուտելու»։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. եթե Մարդու Որդու մարմինը չուտեք և նրա արյունը չխմեք, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես վերջին օրը նրան հարություն կտամ։ Որովհետև իմ մարմինը ճշմարիտ կերակուր է, և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք է։ Ով ուտում է իմ մարմինը և խմում իմ արյունը, ինձ հետ է միավորվում, ես էլ՝ նրա հետ։ Ինչպես կենդանի Հայրը ինձ ուղարկեց, և ես ապրում եմ Հոր միջոցով, այնպես էլ նա, ով ինձ ուտում է, կապրի ինձանով։ Սա է այն հացը, որ երկնքից է իջել, և ո՛չ մանանան, որ ձեր հայրերը կերան, բայց մեռան։ Նա, ով ուտի այս հացը, հավիտյան կապրի»։ Հիսուսն այս ասաց ժողովարանում, երբ Կափառնաումում ուսուցանում էր։
Եվ նրա աշակերտներից շատերը երբ լսեցին, ասացին. «Խիստ է այդ խոսքը. ո՞վ կարող է դա լսել»։ Բայց երբ Հիսուսն ինքն իր մեջ իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. «Դա ձեզ գայթակղեցնո՞ւմ է։ Իսկ եթե տեսնեք Մարդու Որդուն վեր բարձրանալիս այնտեղ, որտեղ առա՞ջ էր։
Հոգին է կյանք տվողը. մարմինը ոչ մի օգուտ չի տալիս։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է ու կյանք։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում»։ Որովհետև Հիսուսը սկզբից գիտեր, թե ովքեր էին նրանք, որ չեն հավատում, և ով էր նա, որ մատնելու էր իրեն։ Եվ ասաց. «Դրա համար ձեզ ասացի, որ ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե իմ Հոր կողմից տրված չէ նրան»։
Դրանից հետո նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին ու նրան այլևս չհետևեցին։ Արդ Հիսուսն այն տասներկուսին ասաց. «Գուցե դուք է՞լ եք ուզում գնալ»։ Սիմոն Պետրոսը պատասխանեց նրան. «Տե՛ր, ո՞ւմ մոտ գնանք. դու հավիտենական կյանքի խոսքեր ունես։ Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը՝ կենդանի Աստծու Որդին»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ՝ տասներկուսիդ, սակայն ձեզանից մեկը սատանա է»։ Եվ նա Սիմոնի որդի Հուդա Իսկարիովտացու մասին էր ասում, որովհետև նա էր տասներկուսից մեկը, որ մատնելու էր նրան։