ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:25-35

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:25-35 ՆՎԱԱ

Եվ երբ նրան գտան լճի մյուս կողմում, ասացին. «Ռա՛բբի, ե՞րբ այստեղ եկար»։ Հիսուսը նրանց պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. դուք ինձ փնտրում եք ոչ թե նրա համար, որ հրաշքներ տեսաք, այլ որովհետև այն հացից կերաք ու կշտացաք։ Աշխատե՛ք ոչ թե կորստյան ենթակա կերակուրի համար, այլ այն կերակուրի, որ մնում է հավիտենական կյանքում։ Այդ կերակուրը ձեզ կտա Մարդու Որդին, որովհետև Հայրը՝ Աստված, նրան այդ գործն անելու իշխանություն է շնորհել»։ Արդ նրան ասացին. «Ի՞նչ անենք, որ Աստծու գործերը կատարենք»։ Հիսուսը պատասխանեց նրանց. «Աստծու գործն այն է, որ հավատաք նրան, ում նա ուղարկել է»։ Եվ նրան ասացին. «Դու ի՞նչ նշան կանես, որ տեսնենք ու քեզ հավատանք, ի՞նչ կգործես։ Մեր հայրերն անապատում մանանան կերան, ինչպես որ գրված է. "Երկնքից նրանց ուտելու հաց տվեց" »։ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. երկնքից այն հացը ձեզ Մովսեսը չի տվել, այլ իմ Հայրն է ձեզ ճշմարիտ հացը տալիս երկնքից, որովհետև Աստծու հացն այն է, որ երկնքից է իջնում և կյանք է տալիս աշխարհին»։ Նրանք ասացին Հիսուսին. «Տե՛ր, ամեն ժամ տո՛ւր մեզ այդ հացը»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ կյանքի հացը. դեպի ինձ եկողը չի քաղցի, և ինձ հավատացողը երբեք չի ծարավի։