ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:1-24

ՀՈՎՀԱՆՆԵՍ 6:1-24 ՆՎԱԱ

Դրանից հետո Հիսուսը գնաց Գալիլեայի՝ Տիբերիա լճի մյուս կողմը։ Նրա հետևից մեծ բազմություն էր գնում, որովհետև տեսնում էին նրա հրաշքները, որ կատարում էր հիվանդների վրա։ Հիսուսը լեռը բարձրացավ և իր աշակերտների հետ նստեց այնտեղ։ Մոտենում էր Զատիկը՝ հրեաների տոնը։ Հիսուսն աչքերը վեր բարձրացրեց ու տեսավ, որ բազում ժողովուրդ է գալիս իր մոտ։ Նա Փիլիպպոսին ասաց. «Որտեղի՞ց պիտի հաց գնենք, որ նրանք ուտեն»։ Բայց Հիսուսը սա նրան փորձելու համար ասաց, որովհետև ինքը գիտեր, թե ի՛նչ է անելու։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Նույնիսկ երկու հարյուր դինարի հացը նրանց չի բավականացնի, թեկուզ նրանցից յուրաքանչյուրը մի կտոր վերցնի»։ Նրա աշակերտներից մեկը՝ Անդրեասը՝ Սիմոն Պետրոսի եղբայրը, նրան ասաց. «Այստեղ մի պատանի կա, որ հինգ գարեհաց ունի և երկու ձուկ, բայց դա ի՞նչ է այսքան մարդու համար»։ Հիսուսն էլ ասաց. «Մարդկանց գետնի՛ն նստեցրեք»։ Այնտեղ շատ խոտ կար։ Արդ նստեցին. շուրջ հինգ հազար մարդ կար։ Հիսուսը հացը վերցրեց, գոհություն հայտնեց Աստծուն ու բաշխեց նստածներին. նույն կերպ էլ ձկներից բաշխեց, որքան որ կամեցան։ Երբ կշտացան, իր աշակերտներին ասաց. «Ավելացած կտորները հավաքե՛ք, որպեսզի ոչինչ չկորչի»։ Հավաքեցին և ուտողներից ավելացած այն հինգ գարեհացի կտորներից տասներկու կողով լցրեցին։ Երբ մարդիկ տեսան այդ հրաշքը, որ Հիսուսը գործեց, ասացին. «Ճշմարտապես սա է այն մարգարեն, որ աշխարհ էր գալու»։ Սակայն քանի որ Հիսուսը գիտեր, որ գալու են իրեն բռնելու, որպեսզի թագավոր դարձնեն, դարձյալ միայնակ լեռը գնաց։ Երբ երեկո եղավ, նրա աշակերտները լճափ իջան և նավ նստելով՝ գնացին լճի մյուս կողմը՝ Կափառնաում։ Արդեն մթնել էր, և Հիսուսը դեռ նրանց մոտ չէր եկել։ Սաստիկ քամու փչելուց լիճն ալեկոծվում էր։ Քսանհինգ կամ երեսուն ասպարեզի չափ թիավարելուց հետո տեսան Հիսուսին, որ քայլում էր լճի վրայով և նավին էր մոտենում։ Եվ նրանք սաստիկ վախեցան։ Հիսուսն ասաց նրանց. «Ես եմ, մի՛ վախեցեք»։ Նրանք կամեցան Հիսուսին նավ հանել, սակայն նավը շուտով ցամաք հասավ, ուր որ ուղևորվում էին։ Հաջորդ օրը ժողովուրդը, որ մնացել էր լճի մյուս կողմում, տեսավ, որ այնտեղ ուրիշ նավ չկար, բացի այն մեկից, որի մեջ նրա աշակերտներն էին նստել, իսկ Հիսուսն իր աշակերտների հետ նավ չէր նստել, այլ միայն նրա աշակերտներն էին գնացել։ Բայց Տիբերիայից ուրիշ նավեր էլ էին գալիս այն տեղին մոտ, որտեղ Տիրոջ գոհության աղոթքով հացն էին կերել։ Արդ երբ ժողովուրդը տեսավ, որ ո՛չ Հիսուսն է այնտեղ, ո՛չ էլ նրա աշակերտները, իրենք էլ նավեր նստեցին և եկան Կափառնաում՝ Հիսուսին փնտրելու։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում