Եթե ես իմ մասին վկայեմ, իմ վկայությունը հավաստի չի լինի։ Ուրիշն է, որ վկայում է իմ մասին, ու ես գիտեմ, որ այն, ինչ նա վկայում է իմ մասին, հավաստի է։ Դուք Հովհաննեսի մոտ մարդ ուղարկեցիք, և նա վկայեց ճշմարտությունը։ Իսկ ես կարիք չունեմ մարդկանցից վկայություն առնելու, այլ սա ասում եմ, որ դուք փրկվեք։ Հովհաննեսը այն վառվող ճրագն էր, որ լույս էր տալիս, և դուք ցանկացաք միառժամանակ նրա լույսով ուրախանալ։
Սակայն այն վկայությունը, որ ես ունեմ իմ մասին, ավելի մեծ է, քան Հովհաննեսինը, որովհետև այն գործերը, որ Հայրն է ինձ տվել իրագործելու, այդ նույն գործերը վկայում են իմ մասին, որ Հայրն է ինձ ուղարկել։ Եվ Հայրը, որ ինձ ուղարկեց, ինքն է իմ մասին վկայել, սակայն դուք ո՛չ նրա ձայնը երբևէ լսեցիք, ո՛չ նրա կերպարանքը տեսաք։ Ոչ էլ նրա խոսքն ունեք ձեր մեջ, որովհետև նրան, ում որ նա ուղարկեց, դուք չեք հավատում։ Դուք քննում եք Սուրբ Գիրքը՝ կարծելով, թե դրա մեջ եք գտնելու հավիտենական կյանքը։ Սակայն դա էլ վկայում է իմ մասին։ Բայց դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որպեսզի կյանք ունենաք։