ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:1-29

ՀՈՎՀԱՆՆԵՍ 5:1-29 ՆՎԱԱ

Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ Երուսաղեմում՝ Ոչխարաց դռան մոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։ Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ՝ կույրեր, կաղեր, գոսացածներ [որոնք ջրերի խառնվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանի մեջ և ջրերը խառնում. ջրերի խառնվելուց հետո ով առաջինը դրա մեջ մտներ, բժշկվում էր, ինչ հիվանդությունից էլ որ տառապեր]։ Այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդ էր։ Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած և իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։ Հիվանդը նրան պատասխանեց. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի. մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է»։ Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր»։ Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։ Եվ այդ օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկվածին ասացին. «Օրը շաբաթ է. քեզ օրինավոր չէ, որ մահիճդ վերցնես»։ Սակայն նա պատասխանեց նրանց. «Նա, ով ինձ բժշկեց, ինձ ասաց. "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։ Նրան հարցրին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։ Սակայն բժշկվածը չգիտեր, թե նա ո՛վ էր, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այնտեղից։ Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց. «Տե՛ս, առողջացար. այսուհետ մի՛ մեղանչիր, որպեսզի քեզ է՛լ ավելի չար բան չպատահի»։ Մարդը գնաց ու հրեաներին պատմեց, որ իրեն բժշկողը Հիսուսն էր։ Եվ դրա համար էին հրեաները Հիսուսին հալածում, որ դա շաբաթ օրով էր անում։ Եվ Հիսուսը նրանց պատասխանեց. «Իմ Հայրը մինչև հիմա գործում է, արդ ես նույնպես գործում եմ»։ Դրա համար հրեաներն է՛լ ավելի էին ուզում նրան սպանել, որովհետև ոչ միայն շաբաթ օրվա կանոնն էր խախտում, այլև Աստծուն էլ իրեն Հայր էր կոչում և իր անձն Աստծուն հավասար էր դասում։ Այդժամ Հիսուսը նրանց ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. Որդին ինքն իրենից ոչինչ անել չի կարող, եթե չտեսնի այն, ինչ Հայրն է անում, որովհետև ինչ որ նա է անում, Որդին էլ է նույնը գործում։ Որովհետև Հայրը սիրում է Որդուն և ցույց է տալիս նրան այն ամենը, ինչ ինքն է անում, և նրան է՛լ ավելի մեծ գործեր է ցույց տալու, որ դուք պիտի զարմանաք։ Որովհետև ինչպես Հայրն է մեռելներին հարություն տալիս և կենդանացնում, այնպես էլ Որդին ում կամենում է, կենդանացնում է։ Հայրը ոչ ոքի չի դատում, այլ դատելու ողջ իշխանությունը Որդուն է տվել, որպեսզի բոլորը Որդուն պատվեն, ինչպես Հորն են պատվում. ով Որդուն չի պատվում, չի պատվում նաև Հորը, որ ուղարկել է նրան։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ. ով լսում է իմ խոսքը և հավատում է ինձ ուղարկողին, հավիտենական կյանք ունի և չի դատապարտվի, այլ մահից դեպի կյանք է անցել։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ժամանակը կգա, և արդեն իսկ եկել է, երբ մեռելները կլսեն Աստծու Որդու ձայնը, ու ովքեր լսեն, կապրեն։ Որովհետև ինչպես Հայրն է կյանքի աղբյուր, այնպես էլ Որդուն դարձրեց կյանքի աղբյուր։ Եվ նրան իշխանություն տվեց մարդկանց դատելու, որովհետև նա Մարդու Որդին է։ Մի՛ զարմացեք, որովհետև կգա ժամանակ, երբ բոլոր նրանք, որ գերեզմաններում են, կլսեն նրա ձայնը։ Ովքեր բարիք են գործել, հարություն կառնեն կյանքի համար, իսկ նրանք, որ չարիք են գործել, հարություն կառնեն դատաստանի համար։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում