Դրանից հետո հրեաների տոնն էր, և Հիսուսը Երուսաղեմ բարձրացավ։ Երուսաղեմում՝ Ոչխարաց դռան մոտ, մի ավազան կա, որ եբրայերեն Բեթհեզդա է կոչվում, որը հինգ սրահ ունի։ Դրանց մեջ պառկած էին շատ հիվանդներ՝ կույրեր, կաղեր, գոսացածներ [որոնք ջրերի խառնվելուն էին սպասում, որովհետև Տիրոջ հրեշտակը ժամանակ առ ժամանակ իջնում էր ավազանի մեջ և ջրերը խառնում. ջրերի խառնվելուց հետո ով առաջինը դրա մեջ մտներ, բժշկվում էր, ինչ հիվանդությունից էլ որ տառապեր]։ Այնտեղ մի մարդ կար, որ երեսունութ տարի հիվանդ էր։ Երբ Հիսուսը նրան տեսավ պառկած և իմացավ, որ արդեն երկար ժամանակ է, նրան ասաց. «Ուզո՞ւմ ես առողջանալ»։ Հիվանդը նրան պատասխանեց. «Տե՛ր, ոչ ոք չունեմ, որ ջրերի խառնվելու ժամանակ ինձ ավազանի մեջ իջեցնի. մինչ ես գալիս եմ, ուրիշն ինձանից առաջ իջնում է»։ Հիսուսը նրան ասաց. «Վե՛ր կաց, վերցրո՛ւ մահիճդ և քայլի՛ր»։ Եվ մարդն իսկույն առողջացավ, վերցրեց իր մահիճը ու քայլում էր։
Եվ այդ օրը շաբաթ էր։ Հրեաները բժշկվածին ասացին. «Օրը շաբաթ է. քեզ օրինավոր չէ, որ մահիճդ վերցնես»։ Սակայն նա պատասխանեց նրանց. «Նա, ով ինձ բժշկեց, ինձ ասաց. "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։ Նրան հարցրին. «Ո՞վ է այն մարդը, որ քեզ ասաց՝ "Վերցրո՛ւ մահիճդ ու քայլի՛ր"»։ Սակայն բժշկվածը չգիտեր, թե նա ո՛վ էր, որովհետև Հիսուսն ամբոխի պատճառով հեռացել էր այնտեղից։ Դրանից հետո Հիսուսը նրան գտավ տաճարում ու ասաց. «Տե՛ս, առողջացար. այսուհետ մի՛ մեղանչիր, որպեսզի քեզ է՛լ ավելի չար բան չպատահի»։ Մարդը գնաց ու հրեաներին պատմեց, որ իրեն բժշկողը Հիսուսն էր։