ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:27-38

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:27-38 ՆՎԱԱ

Եվ այդժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց՝ «Ի՞նչ ես ուզում» կամ «Դրա հետ ի՞նչ ես խոսում»։ Կինը թողեց իր կուժը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց. «Եկեք տեսե՛ք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»։ Եվ ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս։ Այդ ընթացքում աշակերտները նրան խնդրում էին ու ասում. «Ռա՛բբի, հա՛ց կեր»։ Իսկ նա նրանց ասաց. «Ես ուտելու կերակուր ունեմ, որ դուք չգիտեք»։ Աշակերտներն իրար մեջ ասում էին. «Գուցե մեկը նրան ուտելի՞ք է բերել»։ Հիսուսը նրանց ասաց. «Իմ կերակուրն այն է, որ ինձ ուղարկողի կամքը կատարեմ և նրա գործը ավարտին հասցնեմ։ Արդյոք դո՞ւք չեք ասում. "Չորս ամիս ևս, և հունձը կհասնի"։ Ահա ես ասում եմ ձեզ. բարձրացրե՛ք ձեր աչքերը ու տեսե՛ք արտերը, որ սպիտակել են ու արդեն հասել հնձի համար։ Հնձողը վարձ է ստանում և հավիտենական կյանքի համար պտուղ հավաքում, որպեսզի ուրախանան և՛ սերմանողը, և՛ հնձողը։ Որովհետև սրանով է ճշմարիտ այն խոսքը, թե՝ "Այլ է սերմանողը, և այլ՝ հնձողը"։ Ես ձեզ ուղարկեցի հնձելու այն, ինչ դուք չեք մշակել. ուրիշներն աշխատեցին, իսկ դուք նրանց վաստակի մեջ մտաք»։