ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:1-30

ՀՈՎՀԱՆՆԵՍ 4:1-30 ՆՎԱԱ

Երբ Հիսուսն իմացավ, որ փարիսեցիները լսել են, թե ինքն ավելի շատ աշակերտներ է ձեռք բերում և մկրտում, քան Հովհաննեսը (թեև Հիսուսն ինքը չէր մկրտում, այլ նրա աշակերտները), թողեց Հուդայի երկիրն ու կրկին Գալիլեա եկավ։ Եվ պետք է Սամարիայի միջով անցներ։ Արդ նա Սամարիայի մի քաղաք եկավ, որ Սյուքար էր կոչվում, մոտիկ այն ագարակին, որ Հակոբը տվել էր իր որդի Հովսեփին։ Այնտեղ էր գտնվում Հակոբի աղբյուրը։ Հիսուսը, ճանապարհից հոգնած, նստեց այդ աղբյուրի մոտ։ Վեցերորդ ժամն էր։ Սամարացի մի կին եկավ ջուր հանելու։ Հիսուսը նրան ասաց. «Ինձ ջո՛ւր տուր՝ խմեմ». քանի որ նրա աշակերտները քաղաք էին գնացել ուտելիք գնելու։ Սամարացի կինը նրան ասաց. «Դու, որ հրեա ես, ինչպե՞ս ես ինձանից՝ սամարացի կնոջից, խմելու ջուր ուզում». որովհետև հրեաները սամարացիների հետ չէին շփվում։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Եթե իմանայիր Աստծու պարգևը, և թե ո՛վ է նա, որ քեզ ասում է՝ "Ինձ խմելու ջո՛ւր տուր", ապա դո՛ւ նրանից կխնդրեիր, նա էլ քեզ կենդանի ջուր կտար»։ Կինը նրան ասաց. «Տե՛ր, դու նույնիսկ դույլ չունես, իսկ ջրհորը խորն է. արդ կենդանի ջուրը որտեղի՞ց ունես։ Մի՞թե դու ավելի մեծ ես, քան մեր հայր Հակոբը, որ այս ջրհորը մեզ տվեց. ինքը, իր որդիներն ու հոտերը խմել են սրանից»։ Հիսուսը պատասխանեց նրան ու ասաց. «Ով այդ ջրից խմի, կրկին կծարավի, բայց ով խմի այն ջրից, որ ես եմ տալու նրան, նա հավիտյան չպիտի ծարավի։ Իսկ այն ջուրը, որ ես նրան տալու եմ, նրա մեջ ջրի աղբյուր կդառնա, որ հավիտենական կյանքի համար կբխի»։ Կինը նրան ասաց. «Տե՛ր, տո՛ւր ինձ այդ ջրից, որ չծարավեմ և չգամ այստեղ ջուր հանելու»։ Հիսուսը նրան ասաց. «Գնա ամուսնուդ կանչի՛ր ու այստե՛ղ արի»։ Կինը պատասխանեց. «Ես ամուսին չունեմ»։ Հիսուսը նրան ասաց. «Լավ ասացիր՝ "Ամուսին չունեմ", որովհետև դու հինգ ամուսին ես ունեցել, և նա, ում հիմա ունես, քո ամուսինը չէ. դա ճիշտ ասացիր»։ Կինը նրան ասաց. «Տե՛ր, տեսնում եմ, որ դու մարգարե ես։ Մեր հայրերն այս լեռան վրա երկրպագություն են արել, իսկ դուք ասում եք, թե Երուսաղեմում է այն տեղը, որտեղ պետք է երկրպագություն անել»։ Հիսուսը նրան ասաց. «Կի՛ն, հավատա՛ ինձ, որ ժամանակը կգա, երբ ո՛չ այս լեռան վրա, ո՛չ էլ Երուսաղեմում կերկրպագեք Հորը։ Դուք երկրպագում եք նրան, ում չգիտեք. մենք երկրպագում ենք նրան, ում գիտենք. որովհետև փրկությունը հրեաներից է։ Բայց ժամանակը կգա, և արդեն եկել է, երբ ճշմարիտ երկրպագողները կերկրպագեն Հորը հոգով ու ճշմարտությամբ, որովհետև Հայրն իրեն այդպիսի երկրպագողներ է ուզում։ Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։ Կինը նրան ասաց. «Գիտեմ, որ գալու է Մեսիան (որ Քրիստոս է կոչվում). երբ նա գա, մեզ ամեն ինչ կպատմի»։ Հիսուսը նրան ասաց. «Ես եմ՝ քեզ հետ խոսողը»։ Եվ այդժամ եկան նրա աշակերտները ու զարմանում էին, որ նա կնոջ հետ էր խոսում, բայց ոչ ոք չասաց՝ «Ի՞նչ ես ուզում» կամ «Դրա հետ ի՞նչ ես խոսում»։ Կինը թողեց իր կուժը, գնաց քաղաք ու մարդկանց ասաց. «Եկեք տեսե՛ք մի մարդու, որն ինձ ասաց այն ամենը, ինչ արել եմ. արդյոք նա՞ է Քրիստոսը»։ Եվ ելան քաղաքից ու նրա մոտ էին գալիս։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում