Փարիսեցիներից մի մարդ կար՝ Նիկոդեմոս անունով, որ հրեաների իշխանավոր էր։ Նա գիշերը Հիսուսի մոտ եկավ ու ասաց նրան. «Ռա՛բբի, գիտենք, որ Աստծուց ես եկել իբրև վարդապետ, որովհետև ոչ ոք չի կարող գործել այն հրաշքները, որ դու ես գործում, եթե Աստված նրա հետ չլինի»։ Հիսուսը նրան ասաց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը վերստին չծնվի, Աստծու արքայությունը չի կարող տեսնել»։ Նիկոդեմոսը նրան ասաց. «Ինչպե՞ս կարող է ծնվել մի մարդ, որ ծեր է. մի՞թե կարող է երկրորդ անգամ իր մոր որովայնը մտնել ու ծնվել»։ Հիսուսը պատասխանեց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. եթե մեկը ջրից ու Հոգուց չծնվի, նա չի կարող մտնել Աստծու արքայությունը։ Մարմնից ծնվածը մարմին է, իսկ Հոգուց ծնվածը՝ հոգի։ Մի՛ զարմացիր, որ քեզ ասացի. "Դուք պետք է վերստին ծնվեք"։ Քամին ուր ուզում է, փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես, թե որտեղի՛ց է գալիս և ո՛ւր է գնում. այդպես է և Հոգուց ծնված ամեն ոք»։ Նիկոդեմոսը հարցրեց ու նրան ասաց. «Դա ինչպե՞ս կարող է լինել»։ Հիսուսը պատասխանեց նրան. «Դու Իսրայելի վարդապետն ես ու դա չգիտե՞ս։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. ասում ենք այն, ինչ գիտենք, վկայում ենք, ինչ տեսել ենք, բայց մեր վկայությունը չեք ընդունում։ Եթե ձեզ երկրային բաներն ասացի, ու ինձ չեք հավատում, հապա ինչպե՞ս պիտի հավատաք, եթե երկնային բաներն ասեմ։ Ոչ ոք երկինք չի բարձրացել, բացի Մարդու Որդուց, որ իջավ երկնքից և որ երկնքում է։ Եվ ինչպես Մովսեսն անապատում օձին բարձրացրեց, այնպես էլ Մարդու Որդին պետք է բարձրանա, որպեսզի ով նրան հավատում է, հավիտենական կյանք ունենա։
Աստված այնքան սիրեց աշխարհը, որ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա։ Որովհետև Աստված իր Որդուն աշխարհ չուղարկեց՝ դատելու աշխարհը, այլ որպեսզի նրա միջոցով աշխարհը փրկվի։