ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:1-25

ՀՈՎՀԱՆՆԵՍ 21:1-25 ՆՎԱԱ

Դրանից հետո Հիսուսը Տիբերիայի լճի ափին դարձյալ հայտնվեց իր աշակերտներին։ Եվ հայտնվեց այսպես։ Սիմոն Պետրոսը, Թովմասը՝ «Երկվորյակ» կոչվածը, Նաթանայելը, որ Գալիլեայի Կանա քաղաքից էր, Զեբեդեոսի որդիները և աշակերտներից ևս երկուսը միասին էին։ Սիմոն Պետրոսն ասաց նրանց. «Գնում եմ ձուկ որսալու»։ Նրան ասացին. «Մենք էլ ենք քեզ հետ գալիս»։ Նրանք ելան և նավ մտան, բայց այդ գիշեր ոչինչ չբռնեցին։ Երբ արդեն առավոտ էր, Հիսուսը լճափին կանգնած էր, սակայն աշակերտները նրան չճանաչեցին։ Այդժամ Հիսուսն ասաց նրանց. «Տղանե՛ր, արդյոք ուտելու բան ունե՞ք»։ Նրան պատասխանեցին. «Ո՛չ»։ Իսկ նա ասաց նրանց. «Ուռկանը նավի աջ կո՛ղմը գցեք և կգտնեք»։ Նրանք գցեցին և ձկների առատությունից չէին կարողանում այն դուրս քաշել։ Արդ այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, Պետրոսին ասաց. «Տե՛րն է»։ Սիմոն Պետրոսը հենց լսեց, որ Տերն է, հագուստն իր վրա գցեց, որովհետև մերկ էր, և ջրի մեջ նետվեց։ Իսկ մյուս աշակերտները, ձկներով ուռկանը քաշելով, նավակով եկան, քանի որ ցամաքից հեռու էին մոտ երկու հարյուր կանգուն։ Երբ ցամաք ելան, տեսան վառած ածուխի մի կրակատեղ, վրան՝ ձուկ ու հաց դրված։ Հիսուսն ասաց նրանց. «Բերե՛ք այն ձկներից, որ հիմա որսացիք»։ Այդժամ Սիմոն Պետրոսը նավ մտավ և ցամաք հանեց ուռկանը՝ հարյուր հիսուներեք հատ մեծ-մեծ ձկներով լեցուն։ Թեև այդքան ձուկ կար, բայց ուռկանը չպատռվեց։ Հիսուսն ասաց նրանց. «Եկեք ճաշե՛ք»։ Եվ աշակերտներից ոչ ոք չէր համարձակվում հարցնել՝ «Դու ո՞վ ես», որովհետև գիտեին, որ Տերն է։ Հիսուսը եկավ, վերցրեց հացն ու նրանց տվեց, նույնպես և ձուկը։ Այս երրորդ անգամն էր, որ մեռելներից հարություն առնելուց հետո Հիսուսը երևաց իր աշակերտներին։ Երբ ճաշեցին, Հիսուսը Սիմոն Պետրոսին ասաց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Պետրոսը նրան ասաց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ գառներին»։ Երկրորդ անգամ նրան հարցրեց. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը նրան պատասխանեց. «Այո՛, Տե՛ր, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ Երրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, Հովնանի՛ որդի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տրտմեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն՝ «Սիրո՞ւմ ես ինձ»։ Եվ պատասխանեց նրան. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու գիտես, որ ես քեզ սիրում եմ»։ Հիսուսն ասաց նրան. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում քեզ. երբ դու երիտասարդ էիր, ինքդ էիր գոտիդ կապում և գնում էիր, ուր որ կամենայիր. բայց երբ ծերանաս, ձեռքերդ կբարձրացնես, և ուրիշը գոտիդ կկապի ու քեզ կտանի այնտեղ, ուր որ չես կամենա»։ Այս ասաց՝ ցույց տալով, թե ինչպիսի՛ մահով նա պիտի փառավորի Աստծուն։ Այս ասելուց հետո ասաց նրան. «Արի՛ իմ հետևից»։ Ապա Պետրոսը շրջվեց և տեսավ, որ իրենց հետևից գալիս է այն աշակերտը, որին Հիսուսը սիրում էր, և որն ընթրիքի ժամանակ նրա կրծքովն էր ընկել ու ասել. «Տե՛ր, ո՞վ է, որ մատնելու է քեզ»։ Պետրոսը, նրան տեսնելով, Հիսուսին ասաց. «Տե՛ր, իսկ սրա՞ն ինչ է լինելու»։ Հիսուսը նրան ասաց. «Եթե ես կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ. դու արի՛ իմ հետևից»։ Եվ այս խոսքը տարածվեց եղբայրների մեջ, թե իբր այդ աշակերտը չի մեռնելու։ Բայց Հիսուսը չասաց նրան, թե չի մեռնելու, այլ՝ «Եթե կամենում եմ, որ դա մնա, մինչև որ ես գամ, քեզ դրանից ի՞նչ»։ Սա այն աշակերտն է, որ վկայում է այս բաների մասին, և որն էլ դրանք գրեց, ու գիտենք, որ նրա վկայությունը ճշմարիտ է։ Բայց ուրիշ շատ բաներ էլ կան, որ Հիսուսն արեց, որոնք եթե մեկ առ մեկ գրված լինեին, կարծում եմ, թե աշխարհն էլ բավական չէր լինի այդ գրքերը պարփակելու։