ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:16-37

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:16-37 ՆՎԱԱ

Այն ժամանակ Հիսուսին նրանց ձեռքը հանձնեց, որ խաչը հանվի։ Արդ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։ Նա ինքն էր խաչը վերցրել և գնում էր այն տեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ նրան խաչը հանեցին և նրա հետ՝ ևս երկու հոգու՝ այս և այն կողմից, իսկ Հիսուսին՝ մեջտեղում։ Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա. գրված էր՝ «ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։ Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչը հանվեց, քաղաքին մոտ էր, իսկ տախտակի վրա գրված էր եբրայերեն, հունարեն ու լատիներեն։ Արդ հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր "Հրեաների թագավոր", այլ ինչպես նա ասաց. "Հրեաների թագավորն եմ"»։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ Երբ զինվորները Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա հագուստները և չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորին՝ մի մաս։ Վերցրին նաև պատմուճանը, որն առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին գործված։ Արդ նրանք միմյանց ասացին. «Եկեք այն չպատռենք, այլ վրան վիճակ գցենք, որպեսզի տեսնենք, թե ո՛ւմ կընկնի». որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. «Իմ հագուստներն իրենց մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին» ։ Եվ զինվորներն արեցին այդ բանը։ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, նրա մորաքույրը՝ Մարիամը՝ Կղեովպասի կինը, և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։ Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք քացախով մի սպունգ թրջեցին և եղեգի ծայրին դրած՝ նրա բերանին մոտեցրին։ Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։ Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ օր էր, և որպեսզի մարմինները շաբաթ օրը խաչի վրա չմնային, որովհետև այդ շաբաթը մեծ տոն էր, Պիղատոսին խնդրեցին, որ նրանց սրունքները կոտրեն ու նրանց վերցնեն։ Արդ զինվորները եկան, կոտրեցին առաջինի սրունքները, ապա նրա հետ խաչը հանված մյուսինը։ Բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։ Զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։ Եվ սա տեսնողը վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, ու նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք ևս հավատաք։ Այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» ։ Եվ մեկ այլ գրված ասում է. «Պիտի նայեն նրան, որին խոցեցին» ։

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում