ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:1-42

ՀՈՎՀԱՆՆԵՍ 19:1-42 ՆՎԱԱ

Այդ ժամանակ Պիղատոսը հրամայեց վերցնել ու գանահարել Հիսուսին։ Զինվորները փշերից պսակ հյուսեցին, նրա գլխին դրեցին ու ծիրանի հագցրին։ Գալիս էին նրա մոտ ու ասում. «Ողջո՜ւյն, հրեաների՛ թագավոր»։ Եվ ապտակում էին նրան։ Պիղատոսը դարձյալ դուրս ելավ ու նրանց ասաց. «Ահա նրան դուրս եմ բերում, որպեսզի իմանաք, որ ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում»։ Արդ Հիսուսը դուրս ելավ՝ փշե պսակը գլխին և ծիրանին հագին։ Եվ Պիղատոսը նրանց ասաց. «Ահա այդ մարդը»։ Երբ քահանայապետներն ու պահակները նրան տեսան, աղաղակեցին ու ասացին. «Խա՛չը հանիր, խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Դո՛ւք վերցրեք նրան ու խաչը հանեք, որովհետև ես նրա մեջ հանցանք չեմ գտնում»։ Հրեաները նրան պատասխանեցին. «Մենք օրենք ունենք, և համաձայն մեր օրենքի՝ նա պետք է մեռնի, որովհետև իրեն Աստծու Որդի դարձրեց»։ Երբ Պիղատոսն այս խոսքը լսեց, է՛լ ավելի վախեցավ։ Նա դարձյալ ատյան մտավ և Հիսուսին ասաց. «Դու որտեղի՞ց ես»։ Բայց Հիսուսը նրան չպատասխանեց։ Արդ Պիղատոսը նրան ասաց. «Ինձ հետ չե՞ս խոսում. չգիտե՞ս, որ իշխանություն ունեմ քեզ խաչը հանելու և իշխանություն ունեմ քեզ ազատ արձակելու»։ Հիսուսը պատասխանեց. «Դու ինձ վրա ոչ մի իշխանություն էլ չէիր ունենա, եթե այն քեզ վերուստ տրված չլիներ։ Դրա համար նա, ով ինձ քո ձեռքը մատնեց, ավելի մեծ մեղք գործեց»։ Եվ դրանից հետո Պիղատոսն ուզում էր նրան ազատ արձակել, բայց հրեաներն աղաղակում էին և ասում. «Եթե նրան ազատ արձակես, կայսրի բարեկամը չես։ Ով իրեն թագավոր է համարում, հակառակ է կայսրին»։ Երբ Պիղատոսն այս խոսքերը լսեց, Հիսուսին դուրս բերեց, և ինքը նստեց բեմի վրա՝ այնտեղ, որ «Քարահատակ» էր կոչվում (եբրայերեն՝ Գաբբաթա)։ Զատկի նախօրեն էր՝ մոտավորապես վեցերորդ ժամը։ Եվ նա հրեաներին ասաց. «Ահա ձեր թագավորը»։ Իսկ նրանք աղաղակում էին. «Վերցրո՛ւ, վերցրո՛ւ և խա՛չը հանիր դրան»։ Պիղատոսը նրանց ասաց. «Ձեր թագավորին խա՞չը հանեմ»։ Քահանայապետները պատասխանեցին. «Մենք բացի կայսրից ուրիշ թագավոր չունենք»։ Այն ժամանակ Հիսուսին նրանց ձեռքը հանձնեց, որ խաչը հանվի։ Արդ նրանք վերցրին Հիսուսին ու տարան։ Նա ինքն էր խաչը վերցրել և գնում էր այն տեղը, որ Գագաթ էր կոչվում, որ եբրայերեն Գողգոթա է կոչվում։ Այնտեղ նրան խաչը հանեցին և նրա հետ՝ ևս երկու հոգու՝ այս և այն կողմից, իսկ Հիսուսին՝ մեջտեղում։ Պիղատոսը մի տախտակի վրա գրեց և դրեց խաչի վրա. գրված էր՝ «ՀԻՍՈՒՍ ՆԱԶՈՎՐԵՑԻ, ՀՐԵԱՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐ»։ Այդ տախտակը հրեաներից շատերը կարդացին, որովհետև այն տեղը, որտեղ Հիսուսը խաչը հանվեց, քաղաքին մոտ էր, իսկ տախտակի վրա գրված էր եբրայերեն, հունարեն ու լատիներեն։ Արդ հրեաների քահանայապետները Պիղատոսին ասացին. «Մի՛ գրիր "Հրեաների թագավոր", այլ ինչպես նա ասաց. "Հրեաների թագավորն եմ"»։ Պիղատոսը պատասխանեց. «Ինչ գրեցի, գրեցի»։ Երբ զինվորները Հիսուսին խաչը հանեցին, վերցրին նրա հագուստները և չորս մասի բաժանեցին. յուրաքանչյուր զինվորին՝ մի մաս։ Վերցրին նաև պատմուճանը, որն առանց կարի էր, վերևից ներքև ամբողջովին գործված։ Արդ նրանք միմյանց ասացին. «Եկեք այն չպատռենք, այլ վրան վիճակ գցենք, որպեսզի տեսնենք, թե ո՛ւմ կընկնի». որպեսզի կատարվի գրվածը, որ ասում է. «Իմ հագուստներն իրենց մեջ բաժանեցին և իմ պատմուճանի վրա վիճակ գցեցին» ։ Եվ զինվորներն արեցին այդ բանը։ Հիսուսի խաչի մոտ կանգնած էին նրա մայրը, նրա մորաքույրը՝ Մարիամը՝ Կղեովպասի կինը, և Մարիամ Մագդաղենացին։ Երբ Հիսուսը տեսավ իր մորն ու նրա կողքին կանգնած իր սիրելի աշակերտին, մորն ասաց. «Ո՛վ կին, ահա քո որդին»։ Ապա աշակերտին ասաց. «Ահա քո մայրը»։ Եվ այդ պահից աշակերտը նրան իր մոտ վերցրեց։ Դրանից հետո Հիսուսը, իմանալով, որ ամեն ինչ արդեն կատարված է, որպեսզի իրականանա գրվածը, ասաց. «Ծարավ եմ»։ Այնտեղ քացախով լի մի աման կար. նրանք քացախով մի սպունգ թրջեցին և եղեգի ծայրին դրած՝ նրա բերանին մոտեցրին։ Երբ Հիսուսը քացախը բերանն առավ, ասաց. «Կատարված է»։ Նա գլուխը խոնարհեց և հոգին ավանդեց։ Իսկ հրեաները, քանի որ ուրբաթ օր էր, և որպեսզի մարմինները շաբաթ օրը խաչի վրա չմնային, որովհետև այդ շաբաթը մեծ տոն էր, Պիղատոսին խնդրեցին, որ նրանց սրունքները կոտրեն ու նրանց վերցնեն։ Արդ զինվորները եկան, կոտրեցին առաջինի սրունքները, ապա նրա հետ խաչը հանված մյուսինը։ Բայց երբ Հիսուսի մոտ եկան, տեսան, որ նա արդեն մեռած էր, և նրա սրունքները չկոտրեցին։ Զինվորներից մեկը գեղարդով խոցեց նրա կողը, և իսկույն արյուն ու ջուր դուրս ելավ։ Եվ սա տեսնողը վկայեց, և նրա վկայությունը ճշմարիտ է, ու նա գիտի, որ ճշմարիտ է ասում, որպեսզի դուք ևս հավատաք։ Այս բաները տեղի ունեցան, որպեսզի իրականանա գրվածը. «Նրա ոսկորը չպիտի փշրվի» ։ Եվ մեկ այլ գրված ասում է. «Պիտի նայեն նրան, որին խոցեցին» ։ Դրանից հետո Հովսեփը, որ Արիմաթեայից էր և հրեաներից վախի պատճառով Հիսուսի ծպտյալ աշակերտը, Պիղատոսին խնդրեց, որ վերցնի Հիսուսի մարմինը։ Եվ Պիղատոսը թույլ տվեց։ Արդ Հովսեփը եկավ և վերցրեց Հիսուսի մարմինը։ Եկավ նաև Նիկոդեմոսը, որը սկզբում գիշերով էր Հիսուսի մոտ եկել, և հալվեի հետ խառնված մոտ հարյուր լիտր զմուռս բերեց։ Նրանք վերցրին Հիսուսի մարմինը և հրեաների սովորության համաձայն՝ այն խնկերով ու կտավներով պատեցին։ Խաչելության վայրում մի պարտեզ կար, պարտեզում՝ մի նոր գերեզման, որտեղ երբեք ոչ ոք չէր դրվել։ Քանի որ հրեաների տոնի նախօրեն էր, և գերեզմանն էլ մոտ էր, Հիսուսին այնտեղ դրեցին։