ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:28-40

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:28-40 ՆՎԱԱ

Հիսուսին Կայիափայի մոտից տարան ատյան։ Վաղ առավոտ էր։ Նրանք ատյան չմտան, որպեսզի չպղծվեն, այլ որպեսզի զատիկն ուտեն։ Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Այդ մարդու դեմ ի՞նչ մեղադրանք եք առաջադրում»։ Նրան պատասխանեցին. «Եթե նա չարագործ չլիներ, ապա նրան քեզ չէինք մատնի»։ Այդժամ Պիղատոսը նրանց ասաց. «Նրան դո՛ւք վերցրեք ու ձեր օրենքի համաձա՛յն դատեք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ չի թույլատրվում որևէ մեկին մահապատժի ենթարկել». որպեսզի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց՝ ցույց տալով, թե ինքն ի՛նչ մահով է մեռնելու։ Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց. «Դու այդ ի՞նքդ ես հարցնում, թե՞ քեզ ուրիշներն են իմ մասին ասել»։ Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ։ Ուրեմն ի՞նչ ես արել»։ Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։ Արդ, Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։ Բայց ձեր մեջ կա մի սովորույթ, որ Զատկին ձեզ համար մի բանտարկյալ պիտի արձակեմ։ Արդ ուզո՞ւմ եք, որ ձեզ համար հրեաների թագավորին արձակեմ»։ Սակայն բոլորն աղաղակեցին և ասացին. «Ո՛չ դրան, այլ Բարաբբային»։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։