ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:1-40

ՀՈՎՀԱՆՆԵՍ 18:1-40 ՆՎԱԱ

Հիսուսն այս ասելուց հետո իր աշակերտների հետ ելավ գնաց Կեդրոնի ձորի մյուս կողմը։ Այնտեղ մի պարտեզ կար, ուր մտան ինքն ու իր աշակերտները։ Հուդան՝ Հիսուսին մատնողը, նույնպես գիտեր այդ տեղը, որովհետև Հիսուսն ու իր աշակերտները շատ անգամ էին այդտեղ հավաքվել։ Եվ Հուդան, իր հետ վերցնելով զինվորների գունդն ու տաճարի պահակներին, որոնց իրեն տվել էին քահանայապետներն ու փարիսեցիները, ջահերով, լապտերներով ու զենքերով եկավ այնտեղ։ Արդ Հիսուսը, իրեն սպասվող այս ամենն իմանալով, գնաց և նրանց հարցրեց. «Ու՞մ եք փնտրում»։ Նրան պատասխանեցին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը նրանց ասաց. «Ես եմ»։ Նրանց հետ էր նաև Հուդան՝ նրան մատնողը։ Հենց որ նրանց ասաց՝ «Ես եմ», նրանք հետ-հետ գնացին ու ընկան գետնին։ Եվ դարձյալ նրանց հարցրեց. «Ո՞ւմ եք փնտրում»։ Նրանք ասացին. «Հիսուս Նազովրեցուն»։ Հիսուսը պատասխանեց. «Ձեզ ասացի՝ "Ես եմ". արդ, եթե ինձ եք փնտրում, թո՛ւյլ տվեք նրանց, որ գնան։ Որպեսզի կատարվի այն խոսքը, որ ասում էր. "Նրանց, ում տվեցիր ինձ, նրանցից և ոչ մեկին չկորցրի"»։ Իսկ Սիմոն Պետրոսը, որ սուր ուներ, քաշեց այն, քահանայապետի ծառային խփեց և նրա աջ ականջը կտրեց։ Ծառայի անունը Մաղքոս էր։ Հիսուսը Պետրոսին ասաց. «Սուրդ պատյանի մե՛ջ դիր. մի՞թե չպիտի խմեմ բաժակը, որ Հայրն ինձ տվեց»։ Այդժամ զինվորների գունդը, հազարապետն ու հրեա պահակները բռնեցին Հիսուսին ու կապեցին։ Նրան նախ բերեցին Աննասի մոտ, որը Կայիափայի՝ այդ տարվա քահանայապետի աներն էր։ Սա այն Կայիափան էր, որ հրեաներին խորհուրդ տվեց, թե ավելի լավ է՝ ժողովրդի համար մեկ մարդ մեռնի։ Հիսուսի հետևից գնում էին Սիմոն Պետրոսն ու մյուս աշակերտը։ Այդ աշակերտը քահանայապետին ծանոթ էր, ուստի Հիսուսի հետ մտավ քահանայապետի գավիթը։ Իսկ Պետրոսը կանգնել էր դրսում՝ դռան մոտ։ Այդ ժամանակ մյուս աշակերտը, որ քահանայապետին ծանոթ էր, դուրս ելավ, դռնապանի հետ խոսեց և Պետրոսին ներս մտցրեց։ Եվ դռնապան աղջիկը Պետրոսին ասաց. «Գուցե դու է՞լ ես այն մարդու աշակերտներից»։ Եվ նա ասաց. «Ո՛չ, չեմ»։ Այնտեղ կանգնած էին նաև ծառաներ ու պահակներ, որոնք կրակ էին վառել ու տաքանում էին, քանի որ ցուրտ էր։ Պետրոսը ևս նրանց հետ կանգնել ու տաքանում էր։ Եվ քահանայապետը Հիսուսին հարցրեց նրա աշակերտների և ուսուցումների մասին։ Հիսուսը նրան պատասխանեց. «Ես բացահայտ խոսեցի աշխարհում. ես միշտ ուսուցանել եմ ժողովարանում և տաճարում, որտեղ հավաքվում էին հրեաները։ Ես ոչինչ ծածուկ չեմ խոսել։ Ինչո՞ւ ես ինձ հարցնում. հարցրո՛ւ լսողներին, թե ի՛նչ եմ նրանց հետ խոսել։ Ահավասիկ նրանք գիտեն՝ ես ի՛նչ եմ ասել»։ Երբ Հիսուսն այս ասաց, այնտեղ կանգնած պահակներից մեկը նրան ապտակեց ու ասաց. «Այդպե՞ս ես պատասխանում քահանայապետին»։ Հիսուսը նրան պատասխանեց. «Եթե որևէ վատ բան ասացի, վկայի՛ր վատի մասին, բայց եթե ես ճիշտն ասացի, ինչո՞ւ ես ինձ խփում»։ Այդժամ Աննասը նրան կապված ուղարկեց Կայիափա քահանայապետի մոտ։ Այնտեղ, որտեղ Սիմոն Պետրոսը կանգնել և տաքանում էր, նրան ասացին. «Գուցե դու է՞լ ես նրա աշակերտներից»։ Նա ուրացավ և ասաց. «Ո՛չ, չեմ»։ Եվ քահանայապետի ծառաներից մեկը, որ ազգականն էր նրա, ում ականջը Պետրոսը կտրել էր, ասաց. «Չէ՞ որ ես ինքս քեզ տեսա այն պարտեզում նրա հետ»։ Պետրոսը դարձյալ ուրացավ, և իսկույն աքաղաղը կանչեց։ Հիսուսին Կայիափայի մոտից տարան ատյան։ Վաղ առավոտ էր։ Նրանք ատյան չմտան, որպեսզի չպղծվեն, այլ որպեսզի զատիկն ուտեն։ Պիղատոսը դուրս ելավ նրանց մոտ և ասաց. «Այդ մարդու դեմ ի՞նչ մեղադրանք եք առաջադրում»։ Նրան պատասխանեցին. «Եթե նա չարագործ չլիներ, ապա նրան քեզ չէինք մատնի»։ Այդժամ Պիղատոսը նրանց ասաց. «Նրան դո՛ւք վերցրեք ու ձեր օրենքի համաձա՛յն դատեք»։ Հրեաները նրան ասացին. «Մեզ չի թույլատրվում որևէ մեկին մահապատժի ենթարկել». որպեսզի կատարվեր Հիսուսի այն խոսքը, որ ասաց՝ ցույց տալով, թե ինքն ի՛նչ մահով է մեռնելու։ Պիղատոսը դարձյալ ատյան մտավ, կանչեց Հիսուսին ու հարցրեց նրան. «Դո՞ւ ես հրեաների թագավորը»։ Հիսուսը պատասխանեց. «Դու այդ ի՞նքդ ես հարցնում, թե՞ քեզ ուրիշներն են իմ մասին ասել»։ Պիղատոսը պատասխանեց. «Մի՞թե ես էլ հրեա եմ։ Քո ազգն ու քահանայապետները քեզ մատնեցին ինձ։ Ուրեմն ի՞նչ ես արել»։ Հիսուսը պատասխանեց. «Իմ թագավորությունն այս աշխարհից չէ։ Եթե իմ թագավորությունն այս աշխարհից լիներ, ապա իմ հետևորդները կպայքարեին, որ ես հրեաների ձեռքը չմատնվեի. ուստի և իմ թագավորությունն այստեղից չէ»։ Արդ, Պիղատոսը նրան ասաց. «Ուրեմն դու թագավո՞ր ես»։ Հիսուսը պատասխանեց. «Դո՛ւ ես ասում, որ թագավոր եմ։ Ես ծնվել ու աշխարհ եմ եկել, որպեսզի ճշմարտության մասին վկայեմ։ Ամեն ոք, ով ճշմարտությունից է, իմ ձայնը լսում է»։ Պիղատոսը նրան ասաց. «Ի՞նչ է ճշմարտությունը»։ Եվ այս ասելուց հետո դարձյալ դուրս գնաց հրեաների մոտ ու նրանց ասաց. «Ես նրա մեջ ոչ մի հանցանք չեմ գտնում։ Բայց ձեր մեջ կա մի սովորույթ, որ Զատկին ձեզ համար մի բանտարկյալ պիտի արձակեմ։ Արդ ուզո՞ւմ եք, որ ձեզ համար հրեաների թագավորին արձակեմ»։ Սակայն բոլորն աղաղակեցին և ասացին. «Ո՛չ դրան, այլ Բարաբբային»։ Իսկ այդ Բարաբբան մի ավազակ էր։