Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս և այս բաներն ասում եմ, ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունն իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։ Ես քո խոսքը նրանց տվեցի, սակայն աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ. քո խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։ Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։
Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։ Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ Հա՛յր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ ինձ տվեցիր. որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։ Արդա՛ր Հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և նրանք իմացան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ Եվ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։