ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:1-26

ՀՈՎՀԱՆՆԵՍ 17:1-26 ՆՎԱԱ

Հիսուսն այս բաներն ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, ժամը հասել է. փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։ Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին։ Ես քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։ Իսկ հիմա, Հա՛յր, դո՛ւ ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։ Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, ու ինձ տվեցիր նրանց, և քո խոսքը պահեցին։ Հիմա նրանք գիտեն, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, քեզանից է, որովհետև այն խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Նրանք այն ընդունեցին ու ճանաչեցին, որ իրապես ես քեզանից ելա, ու հավատացին, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ Ես նրանց համար եմ խնդրում և ոչ աշխարհի, նրանց համար, որոնց ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։ Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է. ու ես նրանցով փառավորված եմ։ Ես այլևս աշխարհի մեջ չեմ, իսկ նրանք այս աշխարհի մեջ են. և ես քեզ մոտ եմ գալիս։ Սո՛ւրբ Հայր, պահի՛ր նրանց քո անունով, որ ինձ տվեցիր, որպեսզի միավորված լինեն, ինչպես որ մենք ենք միավորված։ Երբ ես աշխարհում նրանց հետ էի, ես նրանց պահում էի քո անունով, որն ինձ տվեցիր։ Ես պահեցի, ու նրանցից ոչ մեկը չկորավ, բացի կորստյան որդուց, որպեսզի իրականանար գրվածը։ Բայց հիմա ես քեզ մոտ եմ գալիս և այս բաներն ասում եմ, ինչքան ժամանակ որ աշխարհում եմ, որպեսզի իմ ուրախությունն իրենց մեջ ամենայն կատարելությամբ ունենան։ Ես քո խոսքը նրանց տվեցի, սակայն աշխարհը նրանց ատեց, որովհետև նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Ես չեմ խնդրում, որ նրանց աշխարհից վերցնես, այլ որ նրանց պահես չարից։ Նրանք այս աշխարհից չեն, ինչպես որ ես այս աշխարհից չեմ։ Սրբացրո՛ւ նրանց քո ճշմարտությամբ. քո խոսքը ճշմարտություն է։ Ինչպես դու ինձ աշխարհ ուղարկեցիր, այնպես էլ ես նրանց աշխարհ ուղարկեցի։ Եվ ես ինձ նրանց համար եմ սրբացնում, որպեսզի նրանք էլ սրբացվեն ճշմարտությամբ։ Բայց միայն նրանց համար չեմ խնդրում, այլ նաև նրանց, ովքեր նրանց խոսքի միջոցով կհավատան ինձ, որպեսզի բոլորը մեկ լինեն, ինչպես դու, Հա՛յր, իմ մեջ, և ես՝ քո մեջ. որպեսզի նրանք էլ մեր մեջ լինեն, որպեսզի աշխարհը հավատա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ Եվ այն փառքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի, որպեսզի մեկ լինեն, ինչպես մենք ենք մեկ։ Ես՝ նրանց մեջ, և դու՝ իմ մեջ, որպեսզի կատարյալ լինեն միության մեջ, որպեսզի աշխարհն իմանա, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր ու նրանց սիրեցիր այնպես, ինչպես ինձ սիրեցիր։ Հա՛յր, ում ինձ տվեցիր, ուզում եմ, որ ինձ հետ լինեն, որտեղ ես եմ, որպեսզի իմ փառքը տեսնեն. այն փառքը, որ ինձ տվեցիր. որովհետև ինձ սիրեցիր նախքան աշխարհը ստեղծելը։ Արդա՛ր Հայր, աշխարհը քեզ չճանաչեց, բայց ես քեզ ճանաչեցի, և նրանք իմացան, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ Եվ ես քո անունը նրանց ճանաչել տվեցի ու պիտի ճանաչել տամ, որպեսզի այն սերը, որով ինձ սիրեցիր, նրանց մեջ լինի, և ես՝ նրանց մեջ»։