Հիսուսն այս բաներն ասելուց հետո աչքերը դեպի երկինք բարձրացրեց ու ասաց. «Հա՛յր, ժամը հասել է. փառավորի՛ր քո Որդուն, որպեսզի քո Որդին էլ քեզ փառավորի։ Ինչպես դու նրան իշխանություն տվեցիր բոլոր մարդկանց վրա, այնպես էլ նա հավիտենական կյանք կտա բոլոր նրանց, ովքեր նրան հավատացին։ Այս է հավիտենական կյանքը, որ ճանաչեն քեզ իբրև միակ ճշմարիտ Աստծու և նրան, որին ուղարկել ես՝ Հիսուս Քրիստոսին։ Ես քեզ երկրի վրա փառավորեցի. կատարեցի այն գործը, որն ինձ տվեցիր, որ անեմ։ Իսկ հիմա, Հա՛յր, դո՛ւ ինձ փառավորիր քո ունեցած այն փառքով, որ ունեի քեզ մոտ նախքան աշխարհի ստեղծումը։
Քո անունը հայտնեցի այն մարդկանց, որոնց ինձ տվեցիր այս աշխարհից։ Նրանք քոնն էին, ու ինձ տվեցիր նրանց, և քո խոսքը պահեցին։ Հիմա նրանք գիտեն, որ այն ամենը, ինչ ինձ տվեցիր, քեզանից է, որովհետև այն խոսքը, որ ինձ տվեցիր, ես նրանց տվեցի։ Նրանք այն ընդունեցին ու ճանաչեցին, որ իրապես ես քեզանից ելա, ու հավատացին, որ դո՛ւ ինձ ուղարկեցիր։ Ես նրանց համար եմ խնդրում և ոչ աշխարհի, նրանց համար, որոնց ինձ տվեցիր, որովհետև նրանք քոնն են։ Եվ այն ամենը, ինչ իմն է, քոնն է, և ինչ որ քոնն է, իմն է. ու ես նրանցով փառավորված եմ։